ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հունիսի 14-ից 19-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական դոկտոր Կարեն Դոնֆրիդը հունիսի 14-ից 19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ «կարևորելու ԱՄՆ հանձնառությունը խաղաղությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը՝ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը դրանց ինքնիշխանությանն ու անկախությանը` ընդգծելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի՝ սեփական ուղին ընտրելու իրավունքը: Այն նաև կընդգծի Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը, այդ թվում՝ աջակցելով քաղաքական, տնտեսական և միջանձնային կապերի զարգացմանն ամբողջ տարածաշրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պետդեպարտամենտի տվյալներով՝ Դոնֆրիդը հունիսի 15-ին և 16-ին կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պետական ​​այլ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Պետքարտուղարի օգնականը կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը կայուն խաղաղության  հասնելու Ադրբեջանի և Հայաստանի դիվանագիտական ​​ջանքերին, շնորհակալություն կհայտնի Ադրբեջանին Ուկրաինային մարդասիրական աջակցության համար և կընդգծի գործընկերության կարևորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման, անդրազգային սպառնալիքների դեմ պայքարում, հիմնարար ազատություններին աջակցության և երկկողմ առեւտրի ու ներդրումների զարգացման գործում»,- ավում է հայտարարության մեջ: