ԵԱՏՄ-ն կերկարացնի քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների որոշ տեսակների ներկրման արտոնությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների որոշ տեսակների ներկրման արտոնությունները երկարացնելու մասին՝ ավիացիոն ճյուղին աջակցելու նպատակով։

«Հավանության արժանացած միջոցը թույլ կտա աջակցել ավիացիային, որը համավարակի շրջանում առավել տուժած ճյուղերից է։ Ստեղծված տնտեսական պայմաններում ավիաընկերությունները ստիպված են  ինքնաթիռների ձեռքբերման պլաններ ձևավորել»,- ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

110-300 մարդ տարողությամբ տուրբոռեակտիվ օդանավերի արտոնությունը երկարացվել է մինչև 2031 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ 90 մարդ տարողությամբ տուրբոպտուտակային ինքնաթիռներինը՝ մինչև 2025 թ. վերջ։

Սլեպնյովի խոսքով՝ արտոնությունը նաև զսպիչ արզդեցություն կունենա ավիափոխադրումների արժեքի աճի վրա և կբարձրացնի Եվրասիական տնտեսական միության ավիաընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում. «ԵԱՏՄ-ում օդանավերի լրակազմի թարմացումն ու ավելացումը հատկապես կարևոր են ստեղծվող արտաքին սահմանափակումների պայմաններում։ Ինքնաթիռների թվի ավելացումը դրականորեն կանդրադառնա միության տարանցման պոտենցիալի զարգացման վրա»,- ավելացրել է նա։