ՀԱՊԿ-ի պահանջը՝ որպես անվտանգության դոնորի, աստիճանաբար աճելու է․Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի պահանջն աստիճանաբար ավելանալու է։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընդլայնված կազմով ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ-ի ստեղծման պատմությանը՝ նախարարը փաստել է, որ կազմակերպությունը քայլ առ քայլ  ավելի նշանակալի խաղացող է դառնում տարածաշրջանում և ընդհանրապես Եվրասիայում։

Նախարարը միաժամանակ նշել է, որ ամեն տարածաշրջան իր առանձնահատկությունն ունի, լոկալ կարիքները, պահանջներն ու գերակայությունները։

«ՀԱՊԿ-ի պահանջը՝ որպես անվտանգության դոնորի, աստիճանաբար աճելու է և դուրս է գալու Եվրասիական տարածաշրջանի նախապես գծված շրջանակներից»,- նշել է Միրզոյանը։ Նա տեղեկացրել է, որ նեղ կազմով նիստի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա նրա ազդեցության հարցերը։ Մասնակիցները կարծիքներ են փոխանակել աշխարհում և տարածաշրջանում իրավիճակի մասին, լսել են տեղեկատվություն ճգնաժամային կարգավորման մեխանիզմների կատարելագործման և չհամաձայնեցված փաստաթղթերի ուղղությամբ կատարվող աշխատանքի, հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման մասին։

Այնուհետև մասնակիցները ստորագրել են նախապես համաձայնեցված երեք փաստաթուղթ՝ ԱԳ նախարարների խորհրդի որոշումների փաթեթը 2022թ. արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության  խորհրդատվությունների պլանի մասին, հաջորդ հանդիպման ժամանակի և տեղի մասին արձանագրային որոշման նախագիծը, ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության նախագիծը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Հաջորդ հանդիպումը նույնպես կայանալու է Երևանում, տարվա երկրորդ կեսին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին։