ՌԴ օդատիեզերական ուժերը Դնեպրի ռազմական օդանավակայանում ոչնչացրել են ուկրաինական ավիացիան

Ռուսական օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հրթիռների հարվածներով ոչնչացրել են ուկրաինական ավիացիան Դնեպրի ռազմական օդանավակայանում, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դնեպրի ռազմական օդանավակայանում բարձր ճշգրտության օդային հրթիռները ոչնչացրել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ավիացիոն տեխնիկան։ Խարկովի մարզում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի վերականգնման ձեռնարկության արտադրական օբյեկտները»,- ասել է գեներալը։

Բացի այդ, Կոնաշենկովը նշել է, որ բարձր ճշգրտության օդային հրթիռներով խոցվել են՝ երկու հրամանատարական կետ, Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 27 տարածք, ուկրաինական հրետանու հինգ կրակակետ, այդ թվում՝ Սոլեդարի և Պրասկովիևկայի տարածքներում բազմակի հրթիռային համակարգերի երկու մարտկոց։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։