Հայաստանի իշխանությունը ունի՞ արկածախնդիր արտաքին քաղաքականության մանդատ. «Լույս» հիմնադրամ

Հայ հասարակության կարծիքը՝ ըստ արևմտյան հայտնի կազմակերպության հարցումների

Հայաստանի ներկայիս իշխանությունները իրենց վտանգավոր և խիստ հակասական արտաքին քաղաքական նախաձեռնություններն ու օրակարգը հաճախ հիմնավորում են 2021թ. խորհրդարանական ընտրություններում «ժողովրդից ստացած մանդատով», մինչդեռ նրանց ծայրահեղ զիջողական քաղաքականությունը հակասում է նույնիսկ իրենց նախընտրական ծրագրին։ Իրականում համազգային նշանակության հարցի շուրջ ճակատագրական որոշումներ կայացնելու միակ լեգիտիմ եղանակը կարող է լինել բացառապես ժողովրդի կողմից կոնկրետ հարցի վերաբերյալ ուղիղ մանդատի ստացումը, օրինակ՝ հանրաքվեի միջոցով։ Ակնհայտ է, որ գործող կառավարությունը չի պատրաստվում այդ հարցերի շուրջ հանրաքվե նախաձեռնել, ուստի որպես հանրային տրամադրությունները շոշափելու միջանկյալ լուծում՝ կարելի է դիտարկել հանրային կարծիքի հարցումների տվյալները։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք անդրադառնալ Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) վերջին հարցումների արտաքին քաղաքական և անվտանգային բաղադրիչին՝ հասկանալու համար, թե որքանով է այս հարցերում գործող իշխանությունների օրակարգը համընկնում հասարակության մոտեցումների և դիրքորոշումների հետ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայումս այս ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնականում չի վայելում Հայաստանի քաղաքացիների մեծ մասի աջակցությունը։ Այսինքն, եթե նույնիսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը վերարտադրվել է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիները վերջինիս պատվիրակել են կարևոր ազգային և անվտանգային հարցերում լուրջ զիջումների գնալու և նոր ցնցումներ նախաձեռնելու «մանդատ»։

«Լույս» հիմնադրամ