Ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե նախարարի պաշտոնն էլ դարձնեին զինվորական. Սեյրան Օհանյան

Իշխանություններն այսօր գործող «Պաշտպանության մասին» օրենքին լիարժեք չեն տիրապետում և չեն հասկացել, որ 2008-ին, երբ օրենքը փոխվեց, ինչ նշանակություն ուներ դա: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ  «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական է եղել. «Բացի Վաղարշակ Հարությունյանից, մնացած բոլոր նախարարները քաղաքացիական անձնավորություն ենք եղել: Այսինքն լինելով քաղաքական թիմի անդամ՝ նշանակվել ենք նախարար: 2008-ին պաշտպանության նախարարի ԳՇ պետի պաշտոնները հստակ առանձնացվեցին: Նախարարը պատասխանատու էր պաշտպանական քաղաքականությանը, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, կադրային քաղաքականության, ռազմական կրթության և ԶՈՒ  համակողմանի ապահոման հարցերում: ԶՈՒ ԳՇ պետը ՊՆ-ի ենթակայությամբ առանձնացված մարմնի ղեկավար դարձավ, որը պատասխանատու է ԶՈՒ զորային կառույցի, այսինքն մարտական ստորաբաժանումների, մարտական խնդիրների իրականացման հարցերում: 2008-ին ԳՇ-ի վրայից հանվեց նաև ԶՈՒ մատակարարումների խնդիրները: Այսինքն ԳՇ պետից ստանալով պատվեր՝ համապատասխան դեպարտամենտը մրցույթ էր կազմակերպում, գնումներ կազմակերպում և ապահովում մատակարարումները»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, ԳՇ պետի պաշտոնը դարձնելով նախարարի առաջին տեղակալ՝ մենք քաղաքականացնում ենք այդ պաշտոնը. «Իրենց թվում է, որ այդ մեկ բառն ավելացնելով՝ իրենք ցույց են տալիս, որ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին: Չեն հասկանում, որ այսօրվա օրենքով էլ այդ ուղղահայացը գոյություն ունի: Այս փոփոխություններով հավասարություն է դրվում նաև պաշտպանության նախարարի երկու տեղակալների միջև: Առաջինը տեղակալ, որը կարող է անփորձ լինել, և ԳՇ պետը: Երբ նախպարարը բացակայում է, այդ քաղաքական տեղակալն է նախարարի պարտականությունները իրականացնելու: Այսինքն անփորձը լինելու ղեկավար ԳՇ պետի նկատմամբ: Ամենավտանգավորը, որ ԶՈՒ ղեկավար է հանդիսանալու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է, կարող է ոչ մի փորձառություն չունենալ: Ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե նախարարի պաշտոնն էլ դարձնեին զինվորական»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այս իշխանությունն իր անփորձությունը փորձում է այս փոփոխությամբ լրացնել՝ չհասկանալով, որ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին և ԳՇ-ն նյութատեխնիկական ապահովմամբ չի զբաղվում:

Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է, որ ԳՇ պետը այսուհետ պետք է լինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: