Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոերթուղու ռեժիմի համաձայնեցումը ավարտվում է. Լավրով

Հայաստանի և ՌԴ արտաքին գործերի նախարարները կտրականապես հերքել են Ադրբեջանի կողմից հնչող միջանցքային տրամաբանությունը։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի դանդաղ աշխատանքի վերաբերյալ հարցին, չի համաձայնել այդ գնահատականին՝ հայտարարելով, որ աշխատանքը ռիթմիկ է ընթանում։

Նրա խոսքով՝ երկաթուղային երթուղին համաձայնեցված է, ավարտվում է ավտոերթուղու և այն ռեժիմի համաձայնեցումը, որը սահմանվելու է, այն լինելու է պարզեցված և հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա. «Այստեղ երկիմաստություն լինել չի կարող»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իր հերթին, ընդգծել է, որ բոլոր ճանապարհները լինելու են այն երկրների ինքնիշխանության և իրավասության տակ, որոնցով անցնում են։

Միևնույն ժամանակ, նա ընդունել է որոշ դետալների առկայությունը, որոնց վերաբերյալ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն, բայց աշխատանքը շարունակվում է, և նախարարը հույս ունի, որ կգտնվի փոխընդունելի լուծում։

Հիշեցնենք, hունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել երկու երկրների՝ ՀՀ և ՌԴ  ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին  հաջորդել է մամուլի ասուլիսը։ Այսօր Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի անմահ կրակի մոտ։