Երեկ պատգամավորների վարքագիծը գռեհիկ էր ու չի տեղավորվում պատգամավորի վարքագծի մեջ․ Անահիտ Ավանեսյանը դիմել է ԱԺ

Դիմել ենք Ազգային ժողով, որպեսզի համապատասխան հանձնաժողովը քննի երեկ առողջապահության նախարարությունում ընդդիմադիր պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դիմել ենք Ազգային ժողով, որովհետև կարծում ենք՝ պատգամավորական մանդատը թույլ չի տալիս որևէ անձի դրսևորել խուլիգանական վարքագիծ: ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովը պետք է քննի այդ անձանց կողմից ընդհանուր առմամբ պատգամավորին ոչ հարիր գործելաոճ ունենալու հանգամանքը, և խստորեն արձագանք լինի դրան»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ պատգամավորների վարքագիծը գռեհիկ է եղել ու չի տեղավորվում պատգամավորի վարքագծի մեջ։

Նախարարը վերահաստատեց ոստիկանության գործողությունների մասին իր հնչեցրած գնահատականները։

«2018 թվականից սկսած՝ ՀՀ-ում ժողովրդավարության սկզբունքները պահպանվում են: Դրա վերաբերյալ ամեն տարի բազմաթիվ արձանագրումներ են լինում: Ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, այլ օրենքի ուղիղ գերակայություն: 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը արդեն իսկ բազմաթիվ անգամ արժանացել է բարձր արձագանքների և տեղավորվում է ժողովրդավարության սկզբունքներում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ երեկ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից 3 պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը մտել էին առողջապահության նախարարություն, հասել էին նախարարի սենյակ ու Ավանեսյանի ուղղությամբ նետել զոհված զինծառայողների մասունքների նկարներ։