Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը առաջնահերթություն է ռուս զինվորականների համար. Լավրով

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ անցկացրած մամուլի ասուլիսում անդրադարձել է Արցախին և խոսել Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Լավրովը շեշտել է, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ռուս զինվորականների համար:

«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր էր գրավել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ և զբաղեցրել կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Ադրբեջանական կողմն այդ գործողությունն իրականացրել էին ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքավորված մնալ Փառուխից մի քանի մետր հեռավորության վրա, գյուղում ռուսներ են, իսկ հայերը չեն կարողանում վերադառնալ հարազատ գյուղ։

Հիշեցնենք նաև, հունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել երկու երկրների՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է ասուլիսը։ Այսօր Սերգեյ Լավրովը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։