Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց 5 երիտասարդ գիտնականների
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 5 քաղաքացու՝ Տիգրան Արշակի Գրիգորյանին, Դավիթ Արմենի Մարտիրյանին, Արման Ալեքսանդրի Ավետյանին, Խաչիկ Սուրենի Խաչատրյանին, Գրիշա Գագիկի Գասպարյանին:
Այս որոշումները պայմանավորված են նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Տիգրան Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կանոնավոր արտահայտություններ՝ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների լեզուների համար» թեմայով և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Այժմ աշխատում է ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիանների և մեքենայական ուսուցման լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, և կատարում է գիտական և գիտահետազոտական աշխատանքներ:
26-ամյա Դավիթ Մարտիրյանը այս տարվա հունվարի 25-ին պաշտպանել է «J/Ѱ– ՖՈՏՈԾՆՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ CLAS12 ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ» թեմայով ատենախոսությունը եւ ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում։
Նա աշխատում է Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում որպես գիտաշխատող։ Ունի հրապարակված 6 գիտական հոդված:
26-ամյա Արման Ալեքսանդրի Ավետյանը 2021 թ. դեկտեմբերին Հայ-ռուսական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խելացի քաղաք» հայեցակարգը և XXI դարի քաղաքային տնտեսության կառավարման ռազմավարության հիմնախնդիրները» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Նա դասախոսում է Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոնում: 2019 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ՊՆ պաշտպանակաան ազգային հետազոտական համալսարանում որպես գիտնական-վերլուծաբան:
Խաչիկ Սուրենի Խաչատրյանը 2022 թվականի հունվարին պաշտպանել է ատենախոսություն «Կոնային քվանտային կետերի էլեկտրոնային և օպտիկական հատկությունների ուսումնասիրումը» թեմայով և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2020-ից նա աշխատում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում որպես դասախոսի ասիստենտ, իսկ 2021 թվականի սեպտեմբերից արդեն մշտական հիմունքներով դասախոս:
Գրիշա Գագիկի Գասպարյանը որպես ասպիրանտ Էռազմուս+ փոխանակման ծրագրով 2020թ․-ի փետրվար-մայիս ամիսներին հետազոտական աշխատանք է իրականացրել Վենետիկի Կա’ Ֆոսկարիի համալսարանում:
Ներկայումս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի դասախոս և Հայ-ռուսական համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի ասիստենտ, ակտիվորեն մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների և գիտական սեմինարների, տպագրում գիտական հոդվածներ, ղեկավարում կուրսային աշխատանքներ և մասնագիտական պրակտիկաներ։ Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Գ․ Գասպարյանը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։