ՌԴ Դաշնային խորհուրդը չեղյալ է հայտարարել ԱՊՀ քաղաքացիների համար կենսաթոշակների մասին համաձայնագիրը

Դաշնային խորհուրդը չորեքշաբթի կայացած նիստին չեղյալ է հայտարարել կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը։

Ինչպես նշվում է բացատրական փաստաթղթում, ավելի քան 30 տարի առաջ ստորագրված համաձայնագրի դրույթներն այլևս չեն համապատասխանում ԱՊՀ երկրների կենսաթոշակային համակարգերի գաղափարախոսությանը և հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև թույլ չեն տալիս այդ պետությունների քաղաքացիներին լիարժեք իրացնել իրենց կենսաթոշակային իրավունքները թոշակի անցնելուց հետո:

Հաշվի առնելով կենսաթոշակային հարցի «զգայուն բնույթը»՝ համաձայնագրից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու որոշումը պաշտոնականացվում է դաշնային օրենքի տեսքով, նշվում է փաստաթղթերում։

ԱՊՀ մի շարք երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ արդեն իսկ նոր համաձայնագրեր են ստորագրվել կենսաթոշակային ապահովման ոլորտում։ Այսպիսով, Ռուսաստանի կողմից նախկին համաձայնագրի չեղարկումից հետո ԱՊՀ քաղաքացիներին կենսաթոշակների տրամադրումը կիրականացվի կնքված նոր պայմանագրերի կամ ազգային օրենսդրության համաձայն։