Մարտի 1 սադրած Նիկոլը, դատելով ամենից, չի հագեցել դրանով, սադրեց ու դեռ ուզում է սադրել նոր արյունալի բախումներ

Արցախի և Հայաստանի փրկության համար ոտքի ելած մարդկանց նկատմամբ ոստիկանի համազգեստ կրող ենիչերիների կամ գուցե հենց հայախոս թուրքերի կողմից վերջին օրերին կատարված բռնությունները, հայի թշնամուն բնորոշ վայրագությունները, գազանությունները, հանցագործությունները սոսկ նրանց կամ նրանց հրամանատարության, ղեկավարությա՞ն սադրանքներն էին, թե Նիկոլի նախաձեռնած, նրա պահանջով կատարվող…

Կարծում եմ, հենց Նիկոլի, որովհետև, հակառակ պարագայում, թե՛ ոստիկանության ղեկավարությունը, թե՛ Նիկոլն արդեն իսկ պետք է հանդես եկած լինեին ոստիկանության համապատասխան ծառայողների գործողությունները դատապարտող հայտարարությամբ, ծառայողական քննություններ պետք է նշանակված լինեին, գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողը պետք է կատարած լիներ իր պարտականությունները, քրեական գործեր պետք է հարուցված լինեին կամ գոնե առերևույթ հանցագործությունների հրապարակված փաստերի (տեսաձայնագրությունների)` հանցագործությունների մասին հաղորդումների կապակցությամբ պետք է նյութեր նախապատրաստվեին, և այդ մասին տեղեկացվեր հասարակությունը:

Մայիսի 30. ոստիկանի համազգեստ կրողների կողմից կառավարության 3-րդ մասնաշենք խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների անդամ մի խումբ պատգամավորների, նրանց թվում նաև «Ազգային ժողով» կոչվածի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի մուտքն արգելելը նրանց իրավունքների կոպիտ խախտում էր, ակնհայտ օրինազանցություն, եթե ոչ հանցագործություն, որի նպատակը զանգվածային բախումներ սադրելն էր:

Պատգամավորները, ինչպես նաև շենքի մոտ հավաքված ցուցարարները փորձեցին խուսափել սադրանքից ու չգնալ բախումների, քանի որ նրանց նպատակը ոստիկանի համազգեստ կրողների հետ բախումը չէր, պատգամավորներն ընդամենը նպատակ ունեին մուտք գործել կառավարության մասնաշենք` պարզելու այնտեղ գտնվող պետական գերատեսչությունների ղեկավարների դիրքորոշումներն Արցախին առնչվող հայտնի հայտարարության մեջ ներառված սկզբունքների վերաբերյալ:

Ցուցարարները շենքի մոտ էին ի աջակցություն պատգամավորների, որպեսզի ոստիկանի համազգեստ կրողները չխախտեին շենք մուտք գործելու պատգամավորների իրավունքը, հարկ եղած դեպքում նաև իրենց բողոքի ձայնը բարձրացնեին…

Համազգեստավորների կողմից կառավարության մասնաշենք պատգամավորների մուտքն արգելելուց հետո պատգամավորները և ցուցարարները երթով շարժվեցին, սակայն որոշ ժամանակ անց երթի մասնակիցների մի մասը, նրանց թվում նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վերադարձան, պատգամավորները նորից փորձեցին մուտք գործել շենք, ինչը ոստիկանի համազգեստ կրողները դարձյալ թույլ չտվեցին, գնացին սադրանքի, սկսվեց բախումը, որը ենիչերիները կամ մեր միջի թուրքերը, հավանաբար, ուզում էին, որ լիներ ավելի մեծամասշտաբ…

Երբևէ չեմ մոռանա այն, ինչին ականատես եղա, ինչը լսեցի այդ օրը. մինչ կառավարության 3-րդ մասնաշենք երթի մասնակիցների վերադառնալը, կարծելով, թե գնում ենք Ֆրանսիայի հրապարակ, ունենալով անհետաձգելի գործեր, ի թիվս այլոց, դուրս եկա երթից, որպեսզի Նժդեհի արձանի թիկունքի կողմից, «Վերնիսաժի» ճանապարհով հասնեմ Խանջյան փողոց: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ չհասած, նկատեցի դրա արդեն պատերի տակով դեպի մուտքը վազող ցուցարարներին ու նրանց հետևից վազող համազգեստավորներին:

Ցուցարարների վերադարձից անակնկալի եկած ու հենց իմ մոտով վազող «ոստիկան» կոչվողներից մեկը ցուցարարներին դեռ չհասած, լկտիաբար հայհոյեց նրանց` «վայ ես ձեր մերը ք…..»:

Մտածեցի` ինչո՞ւ է հայհոյում, ասենք թե պատգամավորները մտնեին շենք, ինչի իրավունքն ունեին, իրեն դրանից ի՞նչ վնաս, էլ չասած, որ այդ ամենն արվում էր նաև իր համար, որպեսզի Արցախ և Հայաստան չկորցնենք: Միանգամից ստացա հարցիս պատասխանը` կամ այդ մեկը հայի անձնագրով, հայախոս, բայց հայի թշնամի թուրք է, թեկուզ այստեղ ծնված (բացառված չէ նույնիսկ` Նիկոլի մանկլավիկների կողմից Ադրբեջանից կամ Թուրքիայից ներմուծված), կամ էլ այդ աստիճան կատաղել էր` մտածելով, որ եթե պատգամավորները շենք մտնեն, զրկվելու է այդ ամսվա իր հավելավճարից, պարգևավճարից:

Անկախ ամենից, սա՞ է Նիկոլի պահած ոստիկանությունը, ոստիկանի մակարդակը… Եվ զարմանալու ոչինչ չկա, քանզի միայն նիկոլազոմբիներին հայտնի չէ Նիկոլի մակարդակը, որի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար բավական է միայն կարդալ նրա «Երկրի հակառակ կողմը» «գիրքը»: Իսկ ցուցարարներին սեռական բնույթի հայհոյանք տված «ոստիկանը», նրա նման ծառայակիցները և ապօրինություններ, վայրագություններ, հանցագործություններ կատարելու հրաման տված նրանց բոլոր տերերը` անկախ իրենց զբաղեցրած պաշտոնի բարձրությունից, շուտով կզգան արժանապատիվ հայի պատասխանը գործնականում…

Հունիսի 3. Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանության մեծաթիվ ուժերով դեպի Դեմիրճյան փողոց Դիմադրության շարժման երթի մասնակիցներիս ճանապարհը փակելը, մեր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը խախտելը (Սահմանադրության 40-րդ հոդված), զանգվածային բախում հրահրելը, իսկ հետո բանը հասցնելը հատուկ միջոցի կիրառման` նույնպես սադրանք էր, որը, ցավոք, ունեցավ արյունալի հետևանքներ:

Ակնհայտ և անվիճելի է, որ երթի մասնակիցներիս ճանապարհը փակելու որևէ անհրաժեշտություն չկար, երթն առաջնորդողները և մենք չունեինք «Ազգային ժողով» կոչվածի շենք ներխուժելու որևէ նպատակ, ծրագիր, ուր այդ պահին ընդամենը մի քանի ուսապարկեր էին, ներխուժելը չէր ունենա որևէ իմաստ, շարժմանը միայն վնաս կպատճառեր, չէր տա որևէ օգուտ: Ի վերջո, եթե այդպիսի նպատակ լիներ, այն կիրականացվեր կամ փորձ կարվեր իրականացնել «Ազգային ժողով» կոչվածի` Բաղրամյան պողոտայի վրա գտնվող մուտքերից, որի մոտ քիչ հետո հասանք երթի մասնակիցներս:

Բացառված չէ, որ Նիկոլի և ոստիկանության ծառայողներից ոմանց նպատակը սադրանբի արդյունքում ավելի մեծամասշտաբ բախում ունենալն էր, որը, սակայն, կանխվեց Դիմադրության շարժման երթն առաջնորդողների և ոստիկանության ողջախոհ ծառայողների շնորհիվ:

Հունիսի 4. նույն վայրի մոտ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներով այս անգամ էլ, առանց որևէ անհրաժեշտության, փակված էր Պռոշյան փողոցով դեպի Բաղրամյան պողոտա Դիմադրության շարժման երթի մասնակիցների ճանապարհը: Նպատակը դարձյալ սադրելն էր` այն հաշվարկով, որ երթն առաջնորդողները և երթի մասնակիցները կփորձեն ճեղքել «ոստիկանների» պատնեշը, կսկսվեն զանգվածային բախումներ, կկիրառվեն հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներն այս անգամ կպայթեն ոչ թե ոստիկանի համազգեստ կրողների ոտքերի մոտ և օդում, այլ հենց ցուցարարների շարքերում` բազմաթիվ անձանց պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ հետո կսկսվեն ավելի մեծամասշտաբ բախումներ, միգուցե նույնիսկ քաղաքացիական պատերազմ:

Սադրանքը չստացվեց, որովհետև Դիմադրության շարժման երթն առաջնորդող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը երթի մասնակիցներին խաչմերուկի մոտից առաջնորդեց դեպի Դեմիրճյան փողոց, որը «ոստիկանները» փակել էին նախօրեին:

Անհեթեթությունն ակնհայտ է` հունիսի 3-ին չէր կարելի նույն ճանապարհով գնալ, հունիսի 4-ին կարելի էր, կարծես թե «Ազգային ժողով» կոչվածն այդ օրը երթի մասնակիցներիս ճանապարհից անհետացել էր: Վերոնշյալի առումով բոլորովին նշանակություն չունի, որ հունիսի 3-ն աշխատանքային օր էր, իսկ 4-ը` շաբաթ: Երկու օրվա ընթացքում էլ երթի մասնակիցներս երեկոյան էինք հասել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ, այսինքն` հունիսի 3-ին «Ազգային ժողով» կոչվածի Դեմիրճյան փ. մուտքի մոտով պետք է անցնեինք, իսկ 4-ին անցանք ոչ աշխատանքային ժամին:

Առաջիկա հնարավոր սադրանքներից մեկը. «…իմ տեղեկություններով, Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի  վրանները». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Ազգային ժողով» կոչվածի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Պարզ է, որ վրանները հանելու անհրաժեշտությունը նույնպես չկա, որովհետև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Ֆրանսիայի հրապարակի վրանները տեսնելու և ամոթի խնդիր գոյություն չունի, նրանք վաղուց համապատասխան տեսանյութերով տեսել են այդ վրանները, ավելին` նաև այստեղի երթերն ու բախումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հրաշալի իրազեկված են: Ինչ վերաբերվում է ամոթին, ապա Նիկոլը և Հայաստանի իշխանությունը զավթած խմբակը եթե ամոթ ունենար, բանը չէր հասնի Ֆրանսիայի հրապարակում վրանների տեղադրմանը:

 

Արթուր Հովհաննիսյան