Ե՞րբ կնշանակվի ԳՇ պետը. նախարար Պապիկյանը պարզաբանել է

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ կնշանակվի միայն ՊՆ–ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մենք ունենալու ենք նոր մոդել, որով ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը»,– ասաց Պապիկյանը, ներկայացնելով բանակի կառավարման նոր մոդելը, որն առաջիկայում կյանքի է կոչվելու օրենսդրական փոփոխություններով։

«ԶՈւ–ն զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այսինքն` այն գործով, ինչով պիտի զբաղվեն։ Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պիտի զբաղվեն ՊՆ այլ վարչություններ»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը հայտնեց, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։