Ընդդիմությունը դատախազության շենքի մոտ ներկայացրեց պահանջը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան ՀՀ գլխավոր դատախազության շենք։

Ինչպես հայտարարեց շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, դատախազությունից պահանջում են պատասխանատվության ենթարկել խաղաղ ցույցի մասնակից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։

«Քանի դեռ այդ ոստիկաններից, ես ուղիղ կասեմ` այդ հանցագործներից ոչ ոք ձերբակալված չէ, մեղադրյալ չէ, կարող է այստեղ կանգնած լինել։ Հանցագործի տեղը բերդում է։ Դատախազությունը Սահմանադրության 176–րդ հոդվածի ուժով պարտավոր է անմիջապես այդ ոստիկաններին ներգրավել որպես մեղադրյալ և հեռացնել շարքերից»,– ասաց Վարդևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ վաղն առավոտյան բացի բանավոր պահանջից իրենց պահանջները նաև գրավոր նամակով կհանձնեն դատախազությանը։

Վարդևանյանը վստահեցրեց, որ հետևողական են լինելու իրենց պահանջների իրականացմանը, քանի որ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած բոլոր ոստիկաններին գիտեն թե՛ դեմքով, թե՛ անուններով։