Իշխան Սաղաթելյանը՝ վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելու մասին

«Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից դուրս գտալու որոշում չունի։ Այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով հանրային շրջանակներում տարածված լուրերին, թե ընդդիմությունը պատրաստվում է հանել վրանները Ֆրանսիայի հրապարակից։

«Այս վրանները մենք ինքնանպատակ այստեղ չենք տեղադրել։ Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք։ Մենք տեղադրել ենք վրանները, 24–ժամյա ռեժիմով ձեռնարկել ենք մեր պայքարը, այս պահին գտնում ենք այս ձևն արդյունավետ, հետևաբար, վրանները հանելու որոշում չկա»,– ասաց նա։

Սաղաթելյանը հերքեց նաև շարժման ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու մասին տարածված տեղեկությունները։

«Դադար վերցնելը նշանակում է գնանք տուն ու սպասենք թշնամուն մեր տան բակում»,–ասաց Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման անդամը հայտարարեց, որ այս շաբաթվա վերջում հանդես են գալու հայտարարությամբ, որտեղ կետ առ կետ կներկայացնեն շարժումն ընդլայնելու, ավելի կազմակերպված դարձնելու ծրագրային դրույթները։