Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը գնահատել է Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների փակման հավանականությունը

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի բացառել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարող են փակել իրենց դեսպանատները միմյանց տարածքում։ ՏԱՍՍ-ի  հետ զրույցում միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը չէր ցանկանա գնալ այդ քայլին։

«Միգուցե նման հավանականություն կա։ Չնայած կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի» ,- ասել է դիվանագետը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի վարչակազմում դժվար թե գտնվի դեսպանատների փակման կողմնակից։

«Ես կարող եմ պատկերացնել միակ պատճառը, որ ԱՄՆ- ը կարող է հարկադրված լինել փակել իր դեսպանատունը. դա կարող է լինել այն դեպքում, եթե նրա աշխատանքը անվտանգ չլինի»,- հավելել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր երկրների միջև հարաբերությունների խզման վտանգի մասին։ Այս իրավիճակն, ըստ նրա, կարող է նշանակել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների փակում։ Դիվանագետը հույս է հայտնել, որ նման սցենարը չի իրականացվի։

«Վստահեցնում եմ ձեզ, դա չի գալիս Միացյալ Նահանգներից։ Դա չի մտնում նախագահ Բայդենի կամ ԱՄՆ կառավարության մտադրությունների մեջ։ Եվ այս թեմայի շուրջ մենք դեռ շատ բան չենք կարող ավելացնել: Երեք ամիս մենք ամբողջովին, ինչպես ինձ թվում է, փոխված հարաբերությունների իրավիճակում ենք»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։