Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող «Էֆես-2022» բազմազգ զորավարժությունների ընթացքում կատարվել են հերթական առաջադրանքները։ Ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 9-ը։

Հունական լրատվամիջոցները գրել են, թե «Էֆես-2022» համատեղ զորավարժությունների շրջանակում Թուրքայի և Ադրբեջանի հատուկ ջոկատայինները հունական կղզիներում վայրէջքներ են մոդելավորել։ Ակնկալվում է, որ երկու ուժերը միասին կգործեն հույն-թուրքական ճգնաժամի դեպքում: Հունաստանի հետ պատերազմի դեպքում Թուրքիան Ադրբեջանին նախապատրաստում է ռազմական աջակցության:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ցամաքային զորքերի զորամասերում և ստորաբաժանումներում մարտական հրաձգությամբ մարտավարական վարժանքներ են անցկացվել։ Ադրբեջանի ռազմածովային ուժերում ծովային հետևակայինների համար անցկացվում են «SAT հատուկ ջոկատայինների դասընթացներ», որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 22-ը։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ շաբաթվա ընթացքում ստուգվել է քարտեզագրական զորամասի մարտական պատրաստվածությունը։

Հունիսի 4-ին Կենտրոնական հրամանատարական կետում Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Խորհրդակցության աշխատանքներին տեսակապի միջոցով ներգրավվել են Ղարաբաղում տեղակայված զորամասերի և միավորումների հրամանատարները։ Հասանովը նրանց հանձնարարականներ է տվել մարտական պատրաստությունը բարձր մակարդակի վրա պահելու վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում այցելել է որոշ զորամասեր։ Հասանովն ու Աքարը զննել են ռազմական տեխնիկան և ծանոթացել ռազմական օբյեկտներում ստեղծված պայմաններին։

«Havelsan» թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Ակիֆ Նաջարը հայտարարել է, թե ընկերությունը որոշել է Ադրբեջանում նորակառույց ռազմածովային պարեկային նավերի վրա օգտագործել «Advent Combat Control System»-ը, որը մշակվել է Թուրքիայի ռազմածովային հրամանատարության հետազոտական կենտրոնի կողմից։

Նշենք, որ «Advent Combat Control System»-ը հաջորդ սերնդի հրամանատարության և կառավարման համակարգ է, որը բավարարում է գործողությունների ցանցային մոտեցման կարիքները:

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված մի խումբ ադրբեջանցիները Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության հարցերի նախարարության դիմաց և չստանալով իրենց հարցերի պատասխանը՝ ներխուժել են շենք։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանը կազմակերպել է երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ ավելի քան 80 դիվանագետների և ռազմական կցորդների այցը Քարվաճառ։ Օտարերկրյա դիվանագետները ծանոթացել են Թողանա-Քարվաճառ-Իստիսու ավտոմայրուղու շինարարության ընթացքին և «Քելբաջար-1» հիդրոէլեկտրակայանում կատարված աշխատանքներին

Դիվանագետներն այցելել են նաև Ջերմաջուր (Իստիսու) ավան, եղել կազդուրիչ հանքային աղբյուրներում։ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հայտարարել է, թե բրիտանական բազմաթիվ ընկերությունները աջակցում են Արցախից գրավված տարածքների ականազերծմանը։

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն հայտարարել է, թե Պակիստանն ու Ադրբեջանը քննարկում են ականազերծման ոլորտում համագործակցությունը։ Նա նաև հավելել է, որ Ղարաբաղում ձեռներեցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, ինչը կուսումնասիրեն պակիստանյան ընկերությունները։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը Twitter-ում գրել է, թե «Ֆրանսիայի դեսպանատունն աջակցում է Ադրբեջանի տարածքների ականազերծմանը` գնելով սակրավորների համար դետեկտորներ և գործիքների հավաքածուներ»:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Արցախից գրավված տարածքներում կտեղադրվեն մոդուլային տիպի երեք հիվանդանոցային համալիրներ։ Ադրբեջանի մելիորացիայի և ջրային տնտեսություն ընկերության փոխնախագահ Զաքիր Գուլիևը նշել է, թե Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է երկու ջրամբարների կառուցում և եղածների վերականգնում։

Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) ներկայացուցիչ Վալեհ Ամիրասլանովը հայտարարել է, թե ներկա պահին Լաչինի միջազգային օդանավակայանի կառուցման ծրագրի շրջանակներում մոբիլիզացիոն աշխատանքներ են ընթանում։ Ակնկալվում է, որ օդանավակայանը շահագործման կհանձնվի 2024 թ-ին։

էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը հայտարարել է, թե ներքին ենթակառուցվածքների միջոցով Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են հաշված ժամերի ընթացքում ապահովել բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչությանը։

Ադրբեջանի Ազգային երկրաբանական հետախուզական ծառայության ղեկավար Ալի Ալիևը հայտնել է, թե Կովսականի (Զանգելանի) շրջանում գտնվող Վեժնալի ոսկու հանքավայրում արդեն սկսվել են նախնական հետախուզման և գնահատման աշխատանքները։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե կարճ ժամանակում Ղարաբաղում կառուցվել է 20 մեգավատ հզորությամբ կայան։ Բացի այդ, վերականգնվել է 19 ենթակայան, կառուցվել է յոթ ենթակայան, կկառուցվի ևս ութը։

ԱՄՆ պետքարտուղարությունը հունիսի 2-ին հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության 2021թ․-ի զեկույցը», որում ընդգծվում է, որ տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել հայկական մշակութային և կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից դիտավորյալ իրականացվող գործողությունների մասին:

Ադրբեջանում արգելափակվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի կայքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ռուսական պետական լրատվական գործակալությունը «տարածում է» Ղարաբաղի իշխանությունների հայտարարությունները։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ Բուլղարիան շուտով կսկսի ադրբեջանական գազ ստանալ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարով (IGB):

Նշենք, որ Ադրբեջանական գազի մատակարարումները Տրանս-Ադրիատիկ գազատարով (TAP) դեպի Եվրոպա (Իտալիա, Հունաստան և Բուլղարիա) սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սակայն միջհամակարգային գազատարի բացակայության պատճառով Բուլղարիա ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը նախատեսվածից 4 անգամ պակաս է եղել։

Ռումինիայի էներգետիկայի նախարար Վիրջիլ Պոպեսկուն Ադրբեջանում ընթացող էներգետիկ համաժողովի ընթացքում ասել է, որ Ռումինիան դիտարկում է էներգառեսուրսների դիվերսիֆիկացման հնարավորությունները և հույս է հայտնել, որ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարի (IGB) շինարարությունը շուտափույթ ավարտվի։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շաբազովը հայտարարել է, թե այս տարի իրենք նախատեսում են Իտալիա արտահանել 9,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Իրանը և Ադրբեջանը համատեղ կմշակեն ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային նախագիծը: Նա նշել է նաև, որ Իրանի տարածքով Թուրքմենստանից Ադրբեջան կուղարկվի 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ։

Իրանական և ադրբեջանական կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր գազի սվոփի ավելացման, Կասպյան ավազանի համատեղ հանքավայրերի համալիր մշակման, էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության այլ համատեղ ոլորտներում։

2022 թ-ի հունվար-մարտին Թուրքիան Ադրբեջանից 2305.42 մլն խմ գազ է ներկրել, ինչը տարեկան կտրվածքով պակաս է 27 տոկոսով։ Թուրքիայի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են Հարավային գազային միջանցքով Ադրբեջանից և Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարման հարցը։

Իլհամ Ալիևը նշել է, թե ադրբեջանական գազի պահանջարկը կտրուկ աճել է։ Բաքուն ծրագրում է ադրբեջանական գազը արտահանել Եվրոպա և այդ նպատակով կարևոր է համարում նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը:

Բրիտանական նաֆթագազային BP ընկերության տարածաշրջանային փոխնախագահ Բախտիյար Ասլանբայլին հայտարարել է, թե «Շահ Դենիզ-3» նախագծի համար պաշարների գնահատումը կարող է սկսվել մինչև տարեվերջ։ Նշենք, որ Շահ Դենիզ հանքավայրը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող հանքավայրի ընդհանուր պաշարները գնահատվում են 1,2 տրիլիոն խորանարդ մետր գազ և 240 միլիոն տոննա գազային կոնդենսատ։

Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան ավելի քան 32 միլիարդ դոլարի ներդրումներով առաջատարն է Ադրբեջանում, և տարբեր ոլորտներում աշխատում են շուրջ 600 բրիտանական ընկերություններ։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ղազախստանը մտադիր է մինչև տարեվերջ իր նավահանգիստներով վեց անգամ ավելացնել բեռնափոխադրումների ծավալը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային ճանապարհով։ Նշենք, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին անցնում է չին-ղազախական սահմանից Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա։