Բայդենը Իլոն Մասկին Լուսին է «ուղարկել»՝ ԱՄՆ տնտեսության մասին նրա խոսքերից հետո

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ձեռնարկատեր և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին «ամենայն բարիք» է մաղթել դեպի Լուսին թռիչքի ժամանակ՝ դրանով իսկ պատասխանելով Երկրի վրա ամերիկյան տնտեսության ապագայի վերաբերյալ նրա հոռետեսական հայտարարություններին։

«Ահա թե ինչ կասեմ. մինչ Իլոն Մասկը խոսում է այս մասին, Ford-ը մեծացնում է ներդրումները: Նախկին Chrysler կորպորացիան՝ այժմ Stellantis, նույնպես մեծացնում է էլեկտրական մեքենաների մեջ ներդրումները: Այնպես որ, դուք գիտեք, ամենայն բարիք նրան դեպի Լուսին թռիչքի ժամանակ», – նրա խոսքերը մեջբերում է Insiderpaper պորտալը:

ԱՄՆ առաջնորդի հայտարարությունից անմիջապես առաջ Իլոն Մասկը Tesla-ի ղեկավարներին ասել է, որ ինքը «շատ վատ զգացողություն ունի» ԱՄՆ-ի տնտեսության վերաբերյալ և ծրագրում է կրճատել ընկերության աշխատուժը 10%-ով։ ԱՄՆ նախագահն իր հերթին անդրադարձել է երկրում զբաղվածության վերաբերյալ տնտեսագետների զեկույցներին։ Փորձագետների կարծիքով՝ տվյալները ցույց են տալիս համաճարակից հետո տնտեսության զարգացման առողջ ուղին։

Ավելի վաղ Bloomberg-ը պատմել էր, թե տարեսկզբից որքան գումար են կորցրել Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը և Բիլ Գեյթսը։ Հաղորդվում է, որ ամերիկացի ձեռնարկատերերը վերջին հինգ ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ 115 միլիարդ դոլար են կորցրել արժեթղթերի շուկաների անկման պատճառով: