Իրավիճակը երեկվանից հետո. լուծումներ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Երեկ կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը իրավապահների հետ։ Մեծ հաշվով, սա անխուսափելի էր, և չկա որևէ երաշխիք, որ չի կրկնվելու. երբ ստեղծված քաղաքական ճգնաժամը չի ստանում քաղաքական լուծում, և պետության փլուզման գործընթացը չի կանգնում, ապա ուժային բախումների հավանականությունը էապես մեծանում է։ Մյուս կողմից, ցանկացած բախումից հետո ձևավորում է նոր իրականություն, որը պետք է ճիշտ հասկանալ՝ ճիշտ լուծումներ գտնելու համար։

  1. Երկրի վարչապետն իրեն շրջապատել է ահռելի քանակի զորքով, կտրել է հանրության հետ հաղորդակցության բոլոր խողովակները։ Նա բյուջետային անսպառ միջոցներ է հատկացնում իրեն շրջապատած զորքերին։ Սեփական անվտանգությունը նրա միակ գերխնդիրն է, պետական համակարգի՝ սուպերիդեան։ Հայաստանի ներքին կյանքի միակ փիլիսոփայությունը դարձել է Նիկոլի անվտանգությունը. պետության ոչ մի ինստիտուտ չի աշխատում, ոչ մի գործ չի արվում՝ ոչ մի ծրագիր, ոչ մի բարեփոխում։

    2. Այս պահին շատ դժվար է հասկանալ, թե ուժային տարբեր համակարգերն ի´նչ ենթակայության տակ են։ Կա վարկած, որ առավել ագրեսիվ, «Յաշմա»-ատիպ միավորներն այլ ենթակայության են։ Եթե վարկածը ճիշտ է, ապա սա չափազանց վտանգավոր բան է, և այստեղ լուրջ անելիք ունեն ուժայինների գործող ղեկավարները։

    3. Ամենայն հավանականությամբ՝ տարբեր-բերետավորների այլանդակ պահվածքն ունի ոչ այնքան զուտ ուժային բացատրություն, որքան՝ ավելի խորքային. Նիկոլը գնում է երկրում նոր բարիկադավորման։ Սևուսպիտակն արդեն առաջվա պես չի գործում, և ներքին նոր թշնամանքը, նոր բաժանումները Նիկոլի համար կենսական նշանակություն ունեն։ Իր զինանոցում նա ունի մի քանի տարբերակ, և այս պահին ընտրել է հասարակություն-ոստիկանություն սուր թշնամանքը։

    4. Մինչ Երևանի փողոցներում ընթանում էր լուրջ բախում, և կառավարական ամառանոցների մոտ իրավիճակը գերլարված էր, հիվանդանոց էին տեղափոխվում բազմաթիվ տուժածներ, 1-2  փողոց այն կողմ՝ Սարյան փողոցում, գինու փառատոն էր՝ ուրախ, անհոգ, ու մարդաշատ։

    5. Էապես մեծանում է չարությունը իշխանության և Նիկոլի հանդեպ։

    6. Շարժումը չի ստանում միջազգայինհանրության նկատելի աջակցությունը, «դրսից» աչք ենփակում ներսի բոլոր այլանդակությունների վրա։

Սա իրականության մի քանի բնութագրիչներն են, որոնք կարող են դուր չգալ։ Բայց իրողությունները պետք է սառը ընդունել, ստեղծված ռիսկերը՝գիտակցել, որպեսզի դրանք հնարավորինս կառավարելի լինեն։ Ըստ այդմ.

– Պետք է լուծում գտնել Նիկոլի անվտանգության սուպերիդեային։ Ժամանակին եղել են առաջարկներ, բայց չեղավ պատշաճ լուրջ մոտեցում։ Որպես առաջին քայլ՝ կարելի է հրաժարվել կառավարական ամառանոցների մոտ բազմահազարանոց հանրահավաքների գաղափարից.կենսական անհրաժեշտություն չէ հենց այնտեղ հավաքվելը՝ վայր, որտեղ ապրում է ընտանիքը, երեխաները։ Սա ընկալվում է որպես կյանքին ուղղված սպառնալիք և առաջ է բերում ամենևին ոչ քաղաքական պատասխաններ։

– Եթե մենք ընդունում ենք, որ Նիկոլը միտումնավոր է կառուցում հասարակություն-ոստիկանություն բարիկադներ, թշնամանքի նոր հարթություն, ապա շարժման հարթակը պետք է լինի շատ ավելի գրագետ ու սառը՝ այդ ծրագիրը վիժեցնելու համար։ Հասկանալով, որ էմոցիոնալ վիճակ է և դժվար է կառավարել զգացմունքները, այնուհանդերձ ցանկացած պրոցեսի կառավարում պահանջում է սառնասրտություն։

– Պայմանական ասած «Սարյան» փողոցի իրավիճակն իրականություն է, և մենք պետք է ընդունենք, որ առ այս պահը մեր հասարակությանմի մեծ հատված անտարբեր է տեղի ունեցողի հանդեպ, չի ընկալում ռիսկերը, չի հասկանում, թեխոսքն ինչի մասին է, և որն է պայքարի իրական բովանդակությունը։ Իշխանությունը, օգտվելով շարժման հրապարակախոսական որոշ թույլ կետերից՝ հեշտությամբ ուղղորդում է հանրային կարծիքը՝ փորձելով մարգինալացնել շարժման մասնակիցներին։ Հետևաբար՝ պետք է վերանայել, վերափոխել բանաձևերը, ուրեմն՝ հարթակը անհրաժեշտ ճիշտ շեշտադրումներով և ճիշտ ձևակերպումներով չի խոսում լայն հասարակության հետ։

Եվ վերջապես պետք է ընդունենք, որ ունենք հանրության մի շերտ, որի համար Արցախը, Սյունիքը, Եռաբլուրը, անկլավները պայմանական հասկացություններ են։Մարդկայնորեն գուցե բարդ է հասկանալ 20-30 տարեկանների անտարբերությունը, երբ Սարյանից10 րոպե հեռավորության վրա իրենց հասակակիցների թարմ Եռաբլուրն է, որն ամեն պահի համալրման սպառնալիքի տակ է։ Սա դժվար է հասկանալ, բայց սա պետք է ընդունելորպես փաստ։ Սա, ի դեպ, չի ձևավորվել վերջին 4 տարում, սա ավելի հին ու բարդ թեմա է։

– Շարժումը չի ստանում միջազգային որևէ աջակցություն։ Հաշվի առնելով աշխարհում առկա՝ Ռուսաստան-Արևմուտք սուր առճակատումը, թվում էր՝ կողմերից գոնե մեկը պետք է աջակցեր։ Բայց սրանից սարքել ողբերգություն պետք չէ, սրանից պետք է անել հետևություն. հարթակը պետք է գտնի բանաձևեր, որոնք հասկանալի կլինեն միջազգային հանրությանը և հարևաններին։ Կլինեն ձևակերպումներ, որոնք համահունչ են տարածաշրջանի մասին խոշոր խաղացողների որոշակի պատկերացումներին։ Մենք մեր «Լաո»-ով առայժմ հակադրվում ենք նմանատիպ բոլոր պատկերացումներին։ Ինչպե՞ս ենք պատկերացնում բացառապես հակաթուրքական բովանդակությամբ աջակցություն ստանալ Ռուսաստանից, որի համար Թուրքիան այսօր առանցքային գործընկեր է, և ինչպե՞ս ենք պատկերացնում ստանալ աջակցություն Արևմուտքից, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով լուծում է կարևոր հարցեր։ Երկրի մոդեռնիզացիան, հետպատերազմյան վերականգնումը և կովկասի նոր ճարտարապետության գաղափարները մենք փոքրացրել-վերածել ենք դրսի աշխարհի համար անհասկանալի, պարզունակ հակաթուրքականության բանաձևի։ Բանաձևերի վերանայումը կարող է ստեղծել նոր իրավիճակ։

– Ներքին լարվածությունն ունի աճի միտում։ Այս պահին, ցավոք, չի երևում լուծումը։ Ձևավորվել է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, ամենայն հավանականությամբ առաջանալու է խորհրդարանական ճգնաժամ, իսկ Ալիևի ու բանակցային գործընթացի շնորհիվ՝ պետականության ճգնաժամ։

Մենք միակ երկիրը չենք, որը հայտնվում է նման վիճակում, և լուծումների տարբերակներն էլ շատ չեն։ Ամենաընդունելին միջնորդի կամ միջնորդների ինստիտուտի ակտիվացումն է, որը կօգնի Հայաստանին դուրս գալ այս վիճակից։ Այս վիճակը պահանջում է քաղաքական լուծում, ոչ մի գույնի բերետ դա չի լուծելու։ Միջնորդի ինստիտուտը կարևոր է հենց այդ նպատակով՝ արձանագրել քաղաքական լուծման բացառիկ անհրաժեշտությունը և գտնել սահուն, հնարավորինս անցնցում ճանապարհները։  

Այլընտրանքային նախագծեր խումբ