Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից․ Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի տարածքում «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակմանը, որն արվել է Բեգլարյանի հետ ծավալուն հարցազրույցի հրապարակումից ժամեր անց, թելեգրամյան ալիքում գրել է․ «Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից, քանզի այդ հարցազրույցում ես ընդամենը ներկայացրել եմ Արդբեջանի իրականացրած հարցագործությունները և ագրեսիվ գործունեությունը ոչ միայն ընդդեմ հայերի, այլև Ռուսաստանի։ Ներկայացրել եմ նաև Արցախի ներկայի և ապագայի հետ կապված իրավիճակը և մեր հստակ դիրքորոշումը՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի և քարոզչական ձևակերպումների։

Ի դեպ, ադրբեջանական մամուլը լի է իմ դեմ անձնական հաշվեհարդարի կոչերով և հակառուսական հրապարակումներով»,- գրել է նա։

Նշենք, որ Բեգլարյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստին» հրապարակել էր մաս-մաս, ըստ այդմ՝ ռուսական պետական գործակալությունում Արցախի թեմայով յոթ նյութ է հրապարակվել։