Ադրբեջանը արգելափակել է «ՌԻԱ Նովոստի» կայքը՝ «Ղարաբաղի հայտարարությունները տարածելու համար»

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը Ադրբեջանում արգելափակվել է։    Գործակալությունը հայտնում է, որ  նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես «Ախար․ազ»-ը և ԱՊԱ գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին արգելափակել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբին պատկանող լրատվամիջոցները։

Ի պատասխան գործակալության հարցման՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Россия сегодня»-ն «տարածում է» Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները՝ «ՌԻԱ Նովոստիի» թղթակցի և ԼՂՀ պետնախարարի զրույցից լուրերի հրապարակման պատճառով:

Գերատեսչությունը կարծում է, որ ռուսական պետական գործակալությունը, իբր, տարածում է զրպարտչական բնույթի տեղեկություն, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խթանում է անջատողական միտումներ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, որ այս ամենը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, խորապես ափսոսանք է պատճառում։  Միաժամանակ, ինչպես ընդգծվել է, նախարարության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիի» կողմից սադրանքի կամ անջատողականության քարոզչության որևէ ապացույց չի ներկայացրել։