Երևանում ընթանում է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը

Երևանում ընթանում է ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը, որը տևելու է մինչև հունիսի 3-ը:

Եվրոպայի տարածաշրջանային 67-րդ նիստին մասնակցում են ավելի քան 90 պատվիրակներ, որոնց թվում են՝ ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարը, զբոսաշրջության ոլորտի միջազգային խոսնակներ, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ, պաշտոնյաներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։

Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Ավագյանը նշեց, որ 67-րդ նիստը Եվրոպայի անդամ պետությունների համար հնարավորություն է միասին քննարկելու զբոսաշրջության ներկա իրավիճակը, ոլորտի մարտահրավերները և համատեղ գործողությունների իրականացումը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջությունն ավելի կայուն, վստահելի ոլորտի վերածելու համար:

«Դեռևս 2021 թվականի հունիսի 2-4-ը Աթենքում (Հունաստան) կայացած ՄԱԿ ԶՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստի ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետության թեկնածությունը՝ ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում ընդգրկվելու և ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու համար։ Նիստի անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի՝ որպես զբոսաշրջային դեստինացիայի իմիջի ու ճանաչելիության բարձրացմանը, մասնավորապես՝ Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ նիստի շրջանակում հունիսի 3-ին նախատեսվում է նաև համաժողովի կազմակերպում «Զբոսաշրջություն և գյուղական զարգացում. ինչպես են տեղական փորձառությունները ձևավորում ու արժևորում զբոսաշրջային վայրը» թեմայով, որին, ի թիվս Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետությունների ներկայացուցիչների, մասնակցելու են նաև Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ ամբողջ աշխարհում ագրոտուրիզմը նպաստում է, որպեսզի գյուղական համայնքները արագ զարգանան, լինեն ակտիվ, զբաղված, ինչը կկանխի գյուղական համայնքների դատարկվելը:

«Գյուղական տուրիզմը նախ նպաստում է, որ բարձրացնենք ճանաչողությունը տարածաշրջանի, մշակույթի և սննդի նկատմամբ: Բացի այն կարևոր հանգամանքներից, որոնք իր հետ բերում է ագրոտուրիզմը, մի հետաքրքիր կապ է ստեղծվում արտադրողի և սպառողի միջև մշակութային, տարածքային համագործակցության առումով: Քանի որ Հայաստանում այժմ շատ լավ զարգանում է գաստրո-տուրիզմը և գինու տուրիզմը, այստեղ Գինու հիմնադրամը և ՀՀ կառավարությունը մեծ աշխատանքներ են իրականացնում, որպեսզի զբոսաշրջիկը վերադառնա: Միայն բարձրորակ և համեղ արտադրանք փորձելով և այդ փորձառությունն ունենալով մենք կունենանք վերադարձող տուրիստներ: Այդ իսկ պատճառով մենք զուգակցում ենք գյուղատնտեսությունը և տուրիզմը, որ, ի թիվս այդ բոլոր անհրաժեշտ բաղադրիչների, զբոսաշրջիկը ագրոտուրիզմի ոլորտից ստանա լավագույնը»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի ընթացքում մեծ հնարավորություն կընձեռվի Հայաստանի համար թիրախային շուկա հանդիսացող ՄԱԿ ԶՀԿ անդամ Եվրոպական երկրների ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև՝ կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ։