Մեդվեդևը նախազգուշացրել է պատասխան հարվածների մասին, եթե Ուկրաինան հարձակվի Ռուսաստանի վրա

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել է հարված հասցնել Կիևի որոշումների ընդունման կենտրոններին՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից մատակարարվող համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի օգտագործման դեպքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Եթե այդ զինատեսակները օգտագործվեն ռուսական տարածքների դեմ, մեր երկրի զինված ուժերն այլ ընտրություն չեն ունենա, քան ոչնչացնել որոշումներ ընդունելու կենտրոնները»,- ասել է Մեդվեդևը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը նախազգուշացրել է պատասխան գործողությունների մասին, եթե Կիևը հարվածի Ռուսաստանին HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Նա պարզաբանել է, թե կոնկրետ որ կենտրոնների մասին է խոսքը, մասնավորապես, դա վերաբերում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանն ու գլխավոր շտաբին։

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալն ասել էր, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է չորս ժամանակակից HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա։