Էշով ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է

Սևադա Ղուկասյանը երեկ՝ հունիսի 1-ի գիշերը, երկու ամսով կալանավորել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Սևադան մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետևանքով կոտրվել է ատամը։ ԱԱԾ-ը գործ էր հարուցել, բայց գործը կարճվել էր, և արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել՝ իբրև թե իր տված տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում։ Կալանավորման հիմք հանդիսացել է համացանցում հայտնված տեսանյութը, որում Սևադան խոսում է ինչ-որ անձնավորության հետ և ասում, որ ատամը կոտրվել է, բայց պարզ չէ, թե որտեղից այդ ձայնագրությունը, բացի այն ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է»,- նշեց պաշտպանը։

Սերգեյ Հարությունյանը Սևադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում։

«Ամեն օր տեսնում են անհամաչափ երբեմն հանցավոր ուժի կիրառում, սակայն այդ գործերով որևէ ոստիկան ձերբակալված չէ, իսկ անձը, որն ասել է, որ իր հանդեպ բռնություն է իրականացվել, կալանավորվում է։ Այսպես կարծես թե ուզում են կանխել, որ որևէ մեկը հաղորդում չտա»,- հավելեց պաշտպանը։