Արցախում մարդիկ անվտանգության զգացողություն չունեն. ՀՀ ՄԻՊ

Արցախի կարգավիճակին հասնելու մարտավարության վերաբերյալ որոշումները կայացնում են քաղաքական որոշումներ կայացնող անձինք, դա իրենց խոսույթն է, իսկ ես որպես ՄԻ պաշտպան, ինձ համար ամենակարևոր սկզբունքը Արցախում բնակվողների բոլոր իրավունքների երաշխավորման իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորանը:

«Ամենակարևորն անձանց անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կամ անձանց կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, այդ թվում ինքնորոշման իրավունքի համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է։ Սա է իմ ամենակարևոր մոտեցումը», – ասաց նա:

ՄԻՊ-ը նկատեց, որ այս պահին չեն կարող խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանված լինելու մասին, որովհետև Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն:

«Մարդիկ շատ ագրեսիվ քաղաքականության հետևանքով ստիպված են եղել լքել իրենց հայրենի տունը ու չեն կարողանում օգտվել սեփականության իրենց իրավունքից, չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը», – նշեց Քրիստիննե Գրիգորյանը: