Կանխիկ վճարումներով կատարված գործարքը կարող է առ ոչինչ ճանաչվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին խոսել է կանխիկ դրամաշրջանառության կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Ըստ Փաշինյանի՝ կանխիկի շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է:

Նա հիշեցրեց՝ հուլիսի 1-ից շրջանառության մեջ է մտնելու կանխիկի կրճատման մասին օրենքը. «Մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք հնարավոր չլինի իրականացնել կանխիկ եղանակով: Ենթաօրենսդրական ակտերով պետք է ապահովենք այս ամենը: Այսպիսի դրույթ է լինելու, որ եթե հանկարծ որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի ունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքն առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ:

Խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, թե ցանկանում ենք մարդկանց կյանքը բարդացնել, ընդհակառակը՝ ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել»: