Արտախորհրդարանական ուժերը դատապարտում են ՔՊ-ի կողմից՝ հունիսի 3-ի ԱԺ նիստի տապալումը

Արտախորհրդարանական 20-ից ավել ուժեր այսօր քննարկում են արել և համատեղ հայտարարություն ընդունել, որում դատապարտում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից՝ ընդդիմության նախաձեռնած հունիսի 3-ի ԱԺ նիստի տապալումը և զորակցություն են հայտնում ընդդիմության հեղինակած՝ հայ -թուրքական և հայ- ադրբեջանական հարաբերությունների մասին նախագծում ամրագրված սկզբունքներին:

«Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քննարկմանը մասնակցել են Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ը, 5165 շարժումը, «Երկիր Ծիրանին», «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը», ՀԺԱՄ-ը, «Ինտելեկտուալ Հայաստան » կուսակցությունը, Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, « Զարթոնքը» եւ այլն։

«Հայտարարությամբ զորակցություն ենք հայտնում ընդդիմության նախագծի սկզբունքներին, որոնք վերաբերում են Արցախի ինքնորոշման իրավունքին, սահմանազատման աշխատանքներին և հայ-թուրքական հարաբերություններին։ Կարծում ենք, որ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի այս սկզբունքների վրա: Որոշում է կայացվել, որ ուժերը դատապարտում են նաև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի կողմից՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն պետական խնդիրները քննարկումը տապալելը և զորակցություն են հայտնում այն սկզբունքներին, որոնք ձևավորված են ընդդիմության նախաձեռնության մեջ, այս հայտարարությունն ուղղված է ոչ միայն ներքին քաղաքական լսարանին, այլ նաև արտաքին աշխարհին, դա վերաբերվում է և՛ԵՄ-ին, և՛ ԱՄՆ-ին, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբին»,-ասաց Դիլբարյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀԴԿ փոխնախագահը նկատում է՝ Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ է ձևավորվել, ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանի՝ այլևս վարչապետ չլինելու հարցի շուրջ:
Ըստ զրուցակցի՝ իրեն «ժողովրդավարության միջնաբերդ» համարող իշխանությունները չեն ցանկանում ոչ մի կերպ ժողովրդավարական ճանապարհով առկա խնդրին լուծում տալ,ինչի ամենացայտուն դրսևորումն այն է, երբ խորհրդարանը հրաժարվեց ոչ թե հավանություն տալ ընդդիմության հեղինակած նախագծին, այլ՝ ընդհանրապես մերժեց ԱԺ արտահերթ նիստի կայացումը.
«Սա ժողովրդավարության կտրուկ և կոպիտ նահանջ է։ Ուզում եմ Արևմուտքի, հատկապես, ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երբ խոսում են Հայաստանում ժողովրդավարության մասին, ուշադիր հետևեն, թե ինչպիսի հակաժողովրդական քայլերով է ընտրություններով իշխանության եկած քաղաքական ուժը հակասում իր իսկ նախընտրական ծրագրին, հրաժարվում է անգամ քննարկել պետական և ազգային կարևորություն ներկայացնող հարցերը խորհրդարանում»,-ասաց Դիլբարյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության ցույցերին և անհնազանդության ակցիաներին՝ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ ընդդիմությունը պետք է ավելի լայն համագործակցություն ապահովի, հարթակում պետք է լինեն հնարավորինս նոր դեմքեր նոր օրակարգ.
«Դասական ժողովրդավարական համակարգը ենթադրում է, որ երբ քաղաքական ուժերը դժգոհ են իշխանության քաղաքականությունից, նրանք կազմակերպում են ցույցեր, բողոքի տարբեր գործողություններ, որոնց ճնշման ներքո իշխանությունները կա՛մ պետք է սրբագրեն իրենց սխալները, կամ հայտարարեն երկիրը կառավարելու իրենց ուղեգծի անընդունելիության մասին, բայց մենք չենք պատկանում ո՛չ միայն դասական, այլ նաև տարրական ժողովրդավարական երկրների շարքին: Շատ բաներ խանգարում են, որ այն համերաշխությունը, որը կա Նիկոլ Փաշինյանի հեռացման և Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում, փողոց դուրս չի բերում այդ 100 հազարին, որի մասին մարդիկ խոսում են, բայց ես ընդհանրապես կարծում եմ, որ այսպիսի երկրներում անգամ 100.000-ի դուրսբերումը չի հանգեցնելու իշխանության փոփոխության»,-ասաց Նարինե Դիլբարյանը:
Զրուցակիցը կարծում է, որ համերաշխությունը ձևավորվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ, այլ, առհասարակ, Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության շուրջ.
«Ղեկավարման այն համակարգը, որն անցած տարիներին որդեգրել է Հայաստանը, խանգարում է Հայաստանի և Արցախի բնակչությանը ազատ կամարտահայտությամբ գնալ արդյունավետ զարգացման ճանապարհով, ուստի ես կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է ավելի լայն համագործակցություն ապահովի, հարթակում պետք է լինեն հնարավորինս նոր դեմքեր՝ նոր և գործնական օրակարգեր, որոնք ոչ միայն ցույց կտան Նիկոլ Փաշինյանի կատարած քայլերի ինքնիրավչությունը և հակասումը՝ ՀՀ օրենքին, այլ նաև կսահմանեն՝ ինչպես ենք մենք դրանք ուղղելու, ինչպիսի ազգային համաձայնության կառավարություն ենք պատկերացնում»,-ասաց Դիլբարյանը: