Ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում ավարտական միջոցառումներին ընդառաջ

ՀՀ ոտիկանությունն սկսել է ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներն անվտանգ անցկացնելուն նվիրված միջոցառումները, որոնք անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներն անվտանգ անցկացնելու հարցում պատասխանատու է նաև ոստիկանությունը։ Այս համատեքստում ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը արդեն մի քանի օր իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հանրապետության ողջ տարածքում իրավասու մարմինների աշխատակիցները հանդիպել են դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպումները կազմակերպվել են և՛ ավագ, և՛ հիմնական դպրոցներում»,- ասվում  է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը հանդիպումների ընթացքում մանկավարժական կազմին հորդորել է տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու հարցում համագործակցել ոստիկանության ծառայողների հետ։ Նա ընդգծել է, որ առաջնայինը իրավախախտումներն ու դրանց հնարավոր հետևանքները կանխելն է, որ չխաթարվի օրվա տոնականությունը։ Էդգար Պետրոսյանն առանձնահատուկ անդրադարձել է անչափահասներին մեքենա վստահելու, ինչպես և ալկոհոլի չարաշահման հարցերին՝ այդ առումով կարևորելով ոչ միայն ծնողների, այլև ուսուցիչների դերը։ Վարչության պետը մանրամասնել է նաև շրջանավարտներին մեքենա վստահելու, նրանց ոգելից խմիչքների օգտագործմանը ներգրավելու ոչ միայն վտանգները, այլև իրավական հետևանքները՝ շեշտելով, որ նման դեպքերում օրենքը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողների համար։

Նշվում է, որ նման ձևաչափով կանխարգելիչ հանդիպումներ են անցկացվել նաև մարզերում՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների իրավասու ծառայողների և տեղական իշխանությունների մասնակցությամբ։