Քերոբյանը Լարսում ռուս գործընկերների հետ կքննարկի անցակետի թողունակության ավելացման հնարավորությունը

Մենք շատ մտահոգ ենք այն իրավիճակով, որ ստեղծված է Վերին Լարսի անցակետում, և  օրական մի քանի ժամ ես և  իմ գործընկերները զբաղվում ենք այդ հարցերով, նաև ՊԵԿ-ը, ՏԿԵ նախարարությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, և  տեսնում ենք՝ ինչպես են իրենք ջանում, որ Վերին Լարսում առաջացած բեռնափոխադրումների կտրուկ աճը սպասարկեն: Գիտեք, որ ամբողջ եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են Թուրքիայի և Վրաստանի միջոցով մտնել Ռուսաստան: Այդ պատճառով այնտեղ առաջացել է շատ մեծ խցանում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 15-ից արդեն գործելու է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը թույլ կտա էապես թեթևացնել լարվածությունը: Նրա խոսքով՝ կառավարությունը դրա համար հատկացրել է մոտ 2,5 մլրդ դրամ գումար՝ առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար:

«Երկրորդ՝ ես անցած շաբաթ խոշոր խորհրդակցություն եմ ունեցել ռուս գործընկերների հետ: Մենք միասին պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, որ մեր ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին այս լարվածությունը էապես թուլացնենք»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց, որ չնայած այդ բարդություններին՝ ապրիլին Հայաստանից արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում արտահանումն աճել է ոչ հանքահումքային ապրանքների մասով:

ԵԱՏՄ բեռներն առանձին հերթով անցկացնելու հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Քերոբյանն ասաց, որ բանակցությունները դեռևս ընթացքում են, որոշ դրական տեղաշարժեր տեսնում են այդ ուղղությամբ, բայց դեռևս վերջնական դրական արդյունքի չեն հասել: