Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Երեխաները մարդկության մշտնջենական պարգևն են ՝ գոյատևման առհավատչյան: Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են և ազգի շարունակական առաջընթացի գրավականը:

Ազգի և մարդկության համար առողջ և խելացի անձ, պատասխանատու և օրինապահ, ազնիվ և բարեպաշտ քաղաքացի դաստիարակելը ոչ միայն ծնողների պարտքն է, այլև պետության կարևորագույն առաքելություններից մեկը:

Հայրենի պետությունը և իր համապատասխան կառույցներն ամուր պատվար են ձեր իրավունքների պաշտպանության համար և երաշխավոր՝ ապագայի անխաթար կերտման գործում:

Պետությունն անսասան է ձեր՝ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում զարգացման համար բոլոր անհրաժեշտ և պատշաճ պայմաններ ստեղծելու, իր գործառույթներն իրականացնելու առումով:

Սիրելի՛ երեխաներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում առողջ, խանդավառ մանկություն, խաղաղ, անամպ երկինք և լուսավոր ապագա»: