Ուկրաինան նոր հրթիռային համակարգերով չի հարվածի Ռուսաստանի տարածքին

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 1-ին, Սպիտակ տունը նախատեսում է հայտարարել Ուկրաինային 700 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները երաշխավորել են, որ չեն օգտագործի նոր հրթիռային համակարգերը՝ ռուսական տարածքին հարվածելու համար։ Բացի այդ, փաթեթը կներառի ռադիոլոկացիոն կայաններ, ուղղաթիռներ, մեքենաներ և հակատանկային զինատեսակներ, այդ թվում՝ Javelin համակարգեր։
Ընդհանուր առմամբ, 2021 թվականի հունվարին նախագահ Ջո Բայդենի երդմնակալության սկզբից ի վեր Ուկրաինային տրամադրվել է շուրջ հինգ միլիարդ դոլարի ռազմական աջակցություն, նշում է գործակալությունը։
Ավելի վաղ Բայդենը «Նյու Յորք թայմսում» հրապարակված հոդվածում նշել էր, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի «ավելի առաջադեմ» հրթիռային համակարգեր։ Սրա նպատակն է ամրապնդել Կիևի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ, որին կգան պատերազմող կողմերը։