Հարավային Օսիայի նախագահը կասեցրել է ՌԴ-ին միանալու հանրաքվեի մասին հրամանագիրը

Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը կասեցրել է իր նախորդի՝ Անատոլի Բիբիլովի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի մասին հրամանագիրը։ Այս մասին ասված է հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։

Հրամանագրում նշվում է, որ այս հարցի քննարկումը կհետաձգվի մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը։

«…Ես որոշում եմ անհապաղ խորհրդակցություններ անցկացնել ռուսական կողմի հետ Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետագա ինտեգրման հետ կապված հարցերի ողջ շրջանակի շուրջ, կասեցնել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահի 2022 թվականի մայիսի 13-ի «Հարավային Օսիայի Հանրապետության հանրաքվե նշանակելու մասին» հրամանագիրը, մինչև խորհրդակցությունների ավարտը»,- ասված է հրամանագրում։

Հարավային Օսիայի Հանրապետության նախկին ղեկավար Անատոլի Բիբիլովը Ռուսաստանին միանալու նախաձեռնությամբ հանդես էր եկել այս տարվա մարտին։ Ենթադրվում էր, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ արդեն հուլիսին։ Սակայն, ինչպես հետևում է Հարավային Օսիայի նոր նախագահի հրամանագրից, հարցը հետաձգվելու է։