ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Արարատի մարզ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Վարդան Սաֆարյանը։
Ինչպես «Արմենպրեսը» տեղեկանում է Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ Սեդրակ Թևոնյանն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։
Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան և Մազանդարան նահանգների հետ։ Վերջինս խոստացել է համագործակցության օղակ դառնալ Իրանի մյուս նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման հարցում։
Սեդրակ Թևոնյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր այլ ուղղությունները՝ անդրադառնալով նաև կրթության, արտահանման և այլ ոլորտներին: