Պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերքում է ՀՀ գլխավոր դատախազությանը:

Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։

Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։

Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»:

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սեյրան Օհանյանից բռնագանձել առանձնատունը, մեքենան, երկու այլ շինություն կամ ավելի քան 2 մլրդ դրամ։