Թուրքիայից Բաքու ուղարկվեցին F-16–եր՝ «միջոցառմանը մասնակցելու համար» պատրվակով

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Մայիսի 26-ից 29-ը Բաքվում տեղի ունեցավ «TEXNOFEST-Ադրբեջան» միջոցառումը, որի շրջանակներում Բաքու այցելեց նաև Թուրքիայի նախագահը: Քանի որ սա առանձնակի լուսաբանում չի ստացել մեր դաշտում, ես կարևոր եմ համարում որոշ հանգամանքներ արձանագրել, քանի որ իրատեսության շրջանակներում պետք է հստակ հասկանալ, թե ինչի են պատրաստվում քո հակառակորդները, ոչ թե կեղծ օրակարգեր քննարկել:

Այս միջոցառման մեկնարկից ի վեր Բաքվում էր «Բայրքաթար»-ի հիմնադիրը, Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը, ում նաև ուղեկցեցին օկուպացված Շուշի:

Այդ օրերին Բաքու ուղարկվեցին F-16–եր Թուրքիայից՝ «միջոցառմանը մասնակցելու համար» պատրվակով: Հետևելով զենքերի ցուցադրությանը, հնչած ելույթներին, տիրող ոգևորությանը՝ հերթական անգամ եկա այն պարզ համոզման, որ մեր հակառակորդները ոչ թե գնում են ապառազմականացման ու խաղաղության ճանապարհով, այլ մոդեռնիզացնում են բանակը, նոր զենքեր ձեռք բերում, պատրաստվում ուժային սցենարների, քանի որ ինչպես Ալիևը վերջերս նշեց՝ հարցերն աշխարհում լուծվում են ուժով: Այս ամենի հիմքում ընկած է էթնիկ՝ թուրքական գործոնը, որպես տարածաշրջանում հարցերի լուծման հիմք:

«TEXNOFEST» միջոցառման ժամանակ իր ելույթում Ալիևը նշում է՝ այն հարցին, թե «ինչու՞ անցկացվեց ТEXNOFEST –ը» լավագույնս պատասխանել է երիտասարդ ադրբեջանցի ուսանողուհին՝ ասելով՝ «որ աշխարհը տեսնի թուրքերի ուժը»:

Հատվածներ Ալիևի ելույթից․

«Թուրք–ադրբեջանական եղբայրությունն ու միասնությունը մեր ժողովուրդների գլխավոր ուղենիշն են, դա շատ կարևոր գործոն է նաև տարածաշրջանի, աշխարհի համար: Որքան վստահ են Թուրքիան և Ադրբեջանը քայլում կողք կողքի, այնքան ամուր կլինի խաղաղությունը մեր տարածաշրջանում: Մենք և ամբողջ աշխարհը դրա ականատեսը եղանք ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: Պատերազմի առաջին օրերին իմ եղբայր Էրդողանը հայտարարեց՝ «Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան նրա կողքին է»:

Մեր պատմական հաղթանակից հետո մենք կազմակերպեցինք թուրքական և ադրբեջանական բանակների ռազմական շքերթը: Դա մեր միասնության տոնն էր: Դա հստակ ուղերձ էր ամբողջ աշխարհին՝ մենք միասին ենք և մեր ուժն ամեն օր ավելի է մեծանալու:

Այսօր ուզում եմ առանձնահատուկ կերպով ողջունել Սելջուկ Բայրաքթարին: Նա «TEXNOFEST»-ի նախաձեռնողն ու կազմակերպիչն է: Նա շատ հայտնի է աշխարհում: Այսօր աշխարհին հայտնի է «Բայրքաթար» անօդաչուների դերը ղարաբաղյան երկրորդ պատերազմից: Սելջուկը Շուշիում էր: Վստահ եմ, որ դա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջև դրված ցանկացած խնդիր կարող եք լուծել: Սելջուկը երիտասարդության համար օրինակ պետք է ծառայի»:

Իրեն հատուկ լիրիկական ոճով և բանաստեղծություններով հագեցած ելույթ է ունեցել նաև Էրդողանը, որից հատված եմ ներկայացնում․

«Մեկ ազգ, երկու պետություն, մեկ փառատոն» կարգախոսի ներքո մենք Կասպից ծովի մարգարիտ հանդիսացող Բաքվում անցկացնում ենք աշխարհի ամենահեղինակավոր ավիատիեզերական և տեխնոլոգիական «TEXNOFEST» փառատոնը: Իմ անունից և իմ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում անվանի գիտնական Ազիզ Սանջարին, որ նա մեզ հետ կիսել է այսօրվա ուրախությունը: Ես ողջունում և իմ սերն եմ ուղղում քամիների քաղաք Բաքվից յուրաքանչյուր թիզ հողի ուղղությամբ, որտեղ կովկասյան Իսլամական բանակը Նուրի փաշայի հրամանատարության ներքո պայքար էր մղում մեր ադրբեջանցի եղբայրների, հարթավայրերի հետ, որտեղ հնչում էին Նաթավանի գազելները, այն ծայրամասերը, որտեղ երգում էր եղբայրս ՝ Խուդայարը, Գյանջային, Շուշիին, Ֆիզուլիին, Լաչինին՝ Ադրբեջանի բոլոր տարածաշրջաններին։ Մաղթում եմ, որ մեր բուն և հավերժական եղբայրությունը, որ այսօր այստեղ ցուցադրվում է, հավերժ շարունակվի…»:

Հ.Գ. Այս ամբողջը պետք է ամենայն մանրամասնությամբ քննվի, ուսումնասիրվի, ոչ միայն ելույթների, այլ նաև ցուցադրված տեխնիկայի տեսանկյունից: Ջայլամի պես գլուխներս հողի տակ թաղելու և «խաղաղության դարաշրջանին» հավատալու փոխարեն պետք է մեր հստակ հաշվարկն ունենանք և դիմակայելու մեխանիզմները»: