Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձությունները։

Կարսում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասնակցությամբ շարունակվել են «Հեյդար Ալիև-2022» միացյալ գումարտակի օպերատիվ խմբի զորավարժությունները։ Թուրքիայի ՊՆ-ն նշել է, որ զորավարժությունների հերթական փուլն անցկացվել է «Բարձր մակարդակի դիտորդի օր» անվան տակ։

Թուրքիայի Իզմիր քաղաքում շարունակվել են «Էֆես-2022» բազմազգ զորավարժությունները, որին ներգրավված են Ադրբեջանի Առանձին համազորային բանակի և ՌՕՈւ զինծառայողները։

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա այցի շրջանակներում հետևել է Քոնիա քաղաքում անցկացվող «Անատոլիական արծիվ-2022» մարտավարական թռիչքային վարժանքներին, որին Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին մասնակցել են նաև Լեհաստանը և Հյուսիսային Կիպրոսը։

Շաբաթվա ընթացքում Զաքիր Հասանովը Ադրբեջանի ՊՆ-ի ղեկավար կազմի հետ ծանոթացել է «Գարահեյբաթ» վարժական կենտրոնում շահագործման հանձնված ռազմական ենթակառուցվածքին։

Մայիսի 26-29-ը Բաքվում տեղի է ունեցել ավիացիայի, տիեզերքի և տեխնոլոգիաների «Տեխնոֆեստ-2022» փառատոնը, որի կապակցությամբ անցկացվել է ավիաշոու, ադրբեջանական և թուրքական ինքնաթիռների ու ուղղաթիռների ուսումնական թռիչքներ։

Թուրքիայի ՌՕՈՒ «Թուրքական աստղեր» ավիացիոն թիմի կործանիչները (General Dynamics F-16 Fighting Falcon և Northrop F-5 Tiger) Բաքվի երկնքում մարզական թռիչքներ են իրականացրել։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի ՌԾՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել նավերի վրա։

Թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտնել է, որ Բաքվի երկնքում թռիչք է կատարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 մարտական կործանիչով։ Զաքիր Հասանովը հանդիպել է Բայրաքթարի հետ և քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հարցեր։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում թուրքական «Akinci» ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվել, որ Ադրբեջանը կարող է լինել այդ ԱԹՍ-ներն առաջինը գնող երկիրը։

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, թե 2021 թ-ին Ադրբեջանում պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտներին հատկացվել է 4,542 միլիարդ մանաթ, ինչը 21 տոկոսով կամ 787 միլիոն մանաթով ավելի է, քան 2020 թ-ին։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր հզորությունը, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնն ուժն է: Նրա խոսքով՝ պատերազմից հետո ստեղծել են նոր զորամասեր, գնել նոր տեխնիկա, և Ադրբեջանը շարունակելու է շարժվել այս ուղղությամբ։

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Աքարը հայտարարել է, թե Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կաճի, ռազմական պատրաստությունն ու վարժանքները կշարունակվեն:

Թուրքիայի նախագահ Էրդողանն, ով մայիսի 28-ին այցելել է Բաքու՝ մասնակցելու «Տեխնոֆեստ-2022» փառատոնին, ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա հայտարարել է, որ ինչպես Արցախյան պատերազմի օրերին, այնպես էլ հիմա իրենք շարունակում են լինել Ադրբեջանի կողքին:

Էրդողանն անդրադարձել է Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ թուրքական զենքերի կիրառմանը՝ հայտարարելով, թե ողջ աշխարհը ականատես եղավ թուրքական սպառազինությունների հաջողությանը: Նրա խոսքով՝ Բաքուն և Անկարան շարունակելու են համագործակցել պաշտպանական արդյունաբերության, այդ թվում՝ տիեզերական արդյունաբերության ոլորտում։

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Մայիսի 23-ին Իլհամ Ալիևը զանգահարել է Էրդողանին և նրան տեղեկացրել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կայացած հանդիպման մասին։ Ալիևը նաև նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, այդ թվում՝ թե՛ երկաթուղու, թե՛ մայրուղու հարցով։

Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Ստեղծվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման փորձագիտական խումբ:

Մայիսի 24-ին միջպետական սահմանին տեղի է ունեցել Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով հաջորդ հանդիպմանը սահմանազատման հարցով կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին նշել է, թե ծրագրում են Վարանդա (Ֆիզուլի)-Հադրութ ավտոմայրուղու շինարարությունն ավարտել 2022 թ-ին։

Մայիսի 26-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան մեկնել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլի) շրջաններ։ Վարանդայի շրջանում նրանք ծանոթացել են՝ Հորադիզ-Ջրական- Կովսական (Զանգիլան)-Աղբենդ ավտոճանապարհի շինարարությանը և մասնակցել՝ Ջրականի շրջանի Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի Սոլթանլի կայանի և «Ազերէներժի» ընկերության «Ջաբրայիլ» 330/110 կիլովոլտ էներգետիկ հանգույցի հիմնարկեքի արարողությանը:

Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին հայտնել է, որ Հորադիզ-Ջրական- Կովսական (Զանգիլան)-Աղբենդ ճանապարհը նախագծվել և կառուցվում է I տեխնիկական կատեգորիայի համաձայն։ Ընթացքի մեջ են 14 կամուրջների, 3 վերգետնյա անցումների, 38 ստորգետնյա անցումների կառուցումը։

Վարանդայից Ալիևը և Ալիևան մեկնել են Կովսականի (Զանգիլան) շրջան, որտեղ ծանոթացել են «Զանգելան» միջազգային օդանավակայանի և մզկիթի շինարարական աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել «Օկուպացիայի թանգարանային համալիրի» և «Հաղթանակի» թանգարանի հիմնարկեքի արարողությանը։ Այնուհետև Ադրբեջանի նախագահին է ներկայացվել Կովսական քաղաքի գլխավոր հատակագիծը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսի 27-ին Կովսականի շրջանի Աղալը գյուղում կայացել է «Խելացի գյուղ» նախագծի առաջին փուլի բացման արարողությունը։ Արարողությանը մասնակցել են նաև Ալիևը և Ալիևան։

Ադրբեջանական մամուլի ուշադրության է արժանացել այն իրողությունը, որ Սելջուկ Բայրաքթարը այցելել է Շուշի։ Շաբաթվա ընթացքում Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 7-րդ եռակողմ նիստը։

«Ազերէներջի» ԲԲԸ մամուլի քարտուղար Թեյմուր Աբդուլլաևը հայտարարել է, թե Ջրականի (Ջաբրայիլի) էներգետիկ հանգույցը Ադրբեջանի էլեկտրահաղորդման գծերը կմիացնի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիան կարող է տեղափոխվել Նախիջևան, Թուրքիա և Եվրոպա։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանն առընթեր վերականգնվող էներգիայի աղբյուրների պետական գործակալության տնօրեն Թավրիզ Ամմաևը հայտարարել է, թե մինչև 2022 թ-ի վերջ Ղարաբաղում նախատեսվում է վերականգնել հինգ փոքր ՀԷԿ՝ 27 մեգավատ ընդհանուր հզորությամբ։

Ադրբեջանում Սլովակիայի դեսպան Միլան Լայչակը հայտարարել է, թե Սլովակիան երկրաջերմային էներգիայի զարգացման փորձ ունի և հնարավորություններ է տեսնում այդ ներուժն օգտագործելու Ղարաբաղում։

Ադրբեջանցիների կողմից Արցախի հայկական մշակութային արժեքների ոչնչացման հերթական դեպքն է գրանցվել։ Նրանք վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Twitter-ում գրել է, որ ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ հրահրված ագրեսիայի համար։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ չինական Տուանջիեկուն երկաթուղային կայարանից բեռի առաջին խմբաքանակը Բաքվի նավահանգստից Ֆինլանդիա է ուղարկվել։ 54 կոնտեյներներից բաղկացած բեռի առաջին մասը առաքվել է Բաքվի նավահանգիստ՝ անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու շրջանակներում: Ֆիննական «Nurminen Logistics» ընկերությունը որոշել է Չինաստանից ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի տարածքով։

Այլ թեմաներ

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է Ադրբեջանում տեխնոպարկերի ցանց ստեղծել։