Դուք դեռ իմ սխրանքների մասին կլսեք. Նարեկ Աղոյանը կդառնար 21 տարեկան

Երեկ 44 օրյա պատերազմում զոհված Նարեկ Աղոյանի ծննդյան օրը, Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 50 հասցեում բացվեց Նարեկի հիշատակը հավերժացնող հուշաքար և ցայտաղբյուր։

Նարեկ Աղոյանը ծնվել է 2001 թ֊ի մայիսի 28 -ին Վարդենիս քաղաքում։ Ընտանիքը անմիջապես տեղափոխվել է և բնակություն հաստատել քաղաք Երևանում։ Նարեկը 2019 թվականի հուլիսին զորակոչվել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամաս,ապա տեղափոխվել Ջրական։ Սեպտեմբերի 25 ից եղել է Ջրականի դիրքերում և պատերազմի ողջ ընթացքում չի նահանջել։ Հոկտեմբերի 6-ին արիաբար ընկել է հանուն անկախ Հայաստանի։ Միշտ եղել է կապի մեջ և զոհվելուց 2-֊3 օր առաջ մոր հետ խոսելիս ասել է.

_ Դուք դեռ իմ սխրանքների մասին կլսեք։

Ընկերների պատմելուց է ընտանիքը տեղեկացել, որ Նարեկը խոցել է երկու տանկ, բայց ծնողների հետ խոսելիս լռել է այդ մասին։ Նարեկի հետ վերջին խոսակցությունը եղել է իր զոհվելու առավոտյան, իսկ ցերեկը նա ընկել է հերոսի մահով։

Պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։

Հավերժ Փառք քեզ Հայ զինվոր։