Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է հաջորդ տարի

Ամուլսարի հանքավայրի շահագործումը նախատեսում է սկսել 2023թ.։ Այս մասին «Ռադար Արմենիան» տեղեկացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից փոխանցել են, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումը ընդգրկված է Կառավարության ծրագրում և գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում. «Այս պահին ընկերությունը զբաղված է ծրագրի ֆինանսավորմամբ՝ հանքավայրի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով, իսկ հանքավայրի շահագործումը նախատեսում է սկսել 2023թ.»։

Հիշեցնենք, որ հանքավայրի շահագործման թեման վերսկսեց արծածվել ԱՄՆ դեսպան Թրեյսիի՝ ապրիլի 20-ին Ամուլսար այցից հետո։

Ըստ դեսպանության հաղորդագրության՝ դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը, ողջունել աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու՝ «Լիդիանի» հանձնառությունը և նկատել, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի։

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի՝ Ամուլսար այցին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նաև տեղեկացրել են, որ «Լիդիան Արմենիա» ընկերության 2 սեփականատերերից մեկը հանդիսանում է ամերիկյան «Orion Mine Finance» ընկերությունը, ըստ այդմ, բնական է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետաքրքրությունը Ամուլսարի հանքավայրի նկատմամբ։