Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել. Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարություններին

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարություններին․

 

«1. Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա և ապագա կարգավիճակի վրա։ Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։

2․Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և սա փաստ է, որն ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։

Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերադարձնելով օկուպացված տարածքները և ճանաչելով Արցախի անկախությունը։

3․Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է։ Բայց միայն այս փորձությունը հաղթահարելով միջազգային հանրությունը կապացուցի, որ ի տարբերություն Ալիևի հայտարարությունների, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ իր հիմնարար տեղն ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

4․Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի չկիրառումը/ուժի կիրառման սպառնալիքը, որը նույնպես կոպտորեն խախտվել և անտեսվել է Ադրբեջանի կողմից։

Ավելին, Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր նախադեպերով, ինչը միջազգային հանրության համար կանխարգելիչ և պատժամիջոցային միջոցներ ձեռնարկելու հստակ ազդանշան է։

Ընդունված վարքագծից շեղման խրախուսումն աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա և իրավական սովորույթի օրինակ»։