Նիգերիայում, որտեղից տարածվել է կապկի ծաղիկը, գործում են ԱՄՆ առնվազն չորս կենսալաբորատորիա

Դե հիմա հասկացեք, թե ինչն ինչոց է…

 

Կապկի ծաղիկը Եվրոպա ներմուծվել է Նիգերիայից, որտեղ գործում են ԱՄՆ առնվազն չորս կենսաբանական լաբորատորիա. այս մասին, ըստ «РИА Новости»-ի այսօրվա հրապարակման, ասել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական (ՃՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի համաձայն՝ կապիկների հարուցչի արևմտաաֆրիկյան շտամի տեղափոխումը տեղի է ունեցել Նիգերիայից` ևս մեկ պետությունից, որի տարածքում Միացյալ Նահանգները տեղակայել է իր կենսաբանական ենթակառուցվածքը,- ասել է Կիրիլովը։- Ըստ առկա տեղեկատվության, Նիգերիայում Վաշինգտոնի կողմից վերահսկվող առնվազն չորս կենսաբանական լաբորատորիա կա»:

ՃՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարը նաև հիշեցրել է մասնագետների ստուգում պահանջող մի տարօրինակ զուգադիպության մասին.

«Ըստ եվրոպական և ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների, Մյունխենի 2021թ անվտանգության համաժողովի նյութերում, այսինքն՝ COVID-19 համավարակի ֆոնին, մշակվել է կապկի ծաղկի վիրուսի նոր շտամով (ընդգծումը` մերը) առաջացած բռնկման հակազդեցության սցենար»,- ասել է գեներալը։

Այո, այն, ինչ հիմա տարածվում է աշխարհով մեկ, Աֆրիկայից բացի, նաև այլ մայրցամաքներում` Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, ինչի մասին այդքան գրում են աշխարհի տարբեր ԶԼՄ- ներ, ոչ թե բժշկագիտությանը հայտնի, Կոնգոյում 1970թ. հայտնաբերված կապկի ծաղկի վիրուսի շտամն է, այլ կենսալաբորատորիայում վիրուսի գենոմի փոփոխությամբ ստացված նոր շտամ: Այս կապակցությամբ դեռ մայիսի 24-ին հրապարակված մեր «Հայտնի ուժերը նոր կորոնավիրուսից հետո արդյոք չե՞ն անցել մեկ այլ կենսաբանական զենքի կիրառման, կենսաբանական պատերազմի նոր փուլի» վերլուծականում գրել էինք.

«Հարց 2-րդ. ներկայումս արագորեն տարածվող վիրուսը 1970թ. հայտնաբերված կապկի ծաղկի վիրուսի ավելի բարձր վարակելիություն ունեցող տարբերակը չէ՞ արդյոք` ստացված ԱՄՆ-ի կամ Պենտագոնի ֆինանսավորմամբ, ուղղորդմամբ, համակարգմամբ, ամերիկյան մասնագետների ներգրավմամբ աշխարհի տարբեր երկրներում գործող կենսալաբորատորիաներից որևէ մեկում վիուսի գենոմի արհեստական փոփոխությամբ»:

Կիրիլովի հայտնած վերոնշյալ տեղեկությունից հետո այլևս կասկած չկա, որ այժմ աշխարհում տարածվողը կապկի ծաղկի վիրուսի նոր շտամն է: Վիրուսի գենոմի արհեստական փոփոխությամբ հավանաբար ավելացվել է նաև ախտահարվածների մահացության մակարդակը (համաշխարհային վիճակագրության համաձայն, ըստ որոշ աղբյուրների, այն հասնում է 10%-ի), բայց սա դեռ մեր ենթադրությունն է, սպասենք մասնագետների եզրակացությանը:

Բացառված չէ, որ այժմ տարբեր երկրներում տարածվող կապկի ծաղկի վիրուսն առաջիկայում ի հայտ գա էլ ավելի նոր շտամներով, որոնցով վարակվածների մահացության մակարդակը 10 տոկոսից էլ կարող է բարձր լինել (հիշենք, որ նոր կորոնավիրուսի ուհանյան շտամից հետո նոր շտամներ ի հայտ եկան ու տարածվեցին` բրազիլական, բրիտանական, հնդկական, օմիկրոն…):

Ինչ վերաբերվում է նրան, որ Մյունխենի 2021թ անվտանգության համաժողովի նյութերում, այսինքն՝ COVID-19 համավարակի ֆոնին, մշակվել է կապկի ծաղկի վիրուսի նոր շտամով առաջացած բռնկման հակազդեցության սցենար, ապա, կարծում ենք, դա ամենևին էլ պատահական համընկնում չէ այժմ աշխարհում կապկի ծաղկի վիրուսի նոր շտամով առաջացած բռնկման հետ:

Ավելին. ահա ևս մեկ շատ ուշագրավ ու, կարծում ենք, դարձյալ ոչ պատահական համընկնում.

«2019 թվականին ձեր սրտի նախարարը (ВОЗ-ի տղան) ընդունեց/թարմացրեց Բնական ծաղկով վարակված հիվանդների վարման ընթացակարգը (բնական ծաղկով վարակման դեպք չկար մոտ կես դար, իսկ դրա դեմ կանոնավոր պատվաստումները հանվել էին 1970-ական թվականներից, և շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչու է հենց հիմա դա արվում), ուստի չզարմանաք, որ հետո սկսվեն դավադրապաշտական տեսությունների տարածումն ու առաջխաղացումը»,- «Ֆեյսբուք»- ի իր էջում Հայաստանի առնչությամբ գրել է  բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Կարծում ենք, ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է, որ վերոնշյալ փաստի մասին իրազեկվի ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարը:

Իգոր Կիրիլովը կոչ է արել ԱՀԿ-ին, ԱՄՆ կենսաանվտանգության պահանջների խախտման բազմաթիվ դեպքերի և պաթոգեն կենսանյութերի անզգույշ պահպանման փաստերի ֆոնին, հետաքննել Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող Նիգերիայի կենսալաբորատորիաների գործունեությունն Աբուջայում, Զարիայում, Լագոսում (Նիգերիայի ամենամեծ քաղաքում), և այնուհետև տեղեկացնել աշխարհին հետաքննության արդյունքների մասին:

Ինչպես հայտարարել է ՃՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարը, ՌԴ ՊՆ-ն տեղյակ է, որ առայժմ հիվանդացածների 98%-ը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող (արվամոլ), 20-ից բարձր տարիքի տղամարդիկ են, և հավելել, որ ԱՀԿ արտակարգ իրավիճակների բաժնի նախկին ղեկավար, դոկտոր Դեյվիդ Հերմանը ամերիկյան մամուլին տված հարցազրույցում ասել է, որ հիվանդության տարածման հիմնական պատճառը վիրուսի փոխանցումն է սեռական ճանապարհով։ Առայժմ…

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես երեկ տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, ասել է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաներ կան նաև Հայաստանում և Կենտրոնական Ասիայում:

«Նման լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում,- ասել է Լավրովը:- Մենք այս երկրների հետ այդ խնդիրները քննարկում ենք երկկողմ հիմունքներով և ՀԱՊԿ-ի միջոցով»։

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է նաև, որ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Փաստաթղթերը ներառում են պարտավորություն փոխադարձ տեղեկացման այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում։

«Այս հուշագրերը ենթադրում են փոխայցելություններ և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը,- ասել է Լավրովը:- Բացի այդ, գրված է, որ կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն»։

 

Արթուր Հովհաննիսյան