ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է ներառել մի քանի հրթիռային համակարգեր։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է «Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռների նորագույն համակարգեր»։ Վարչակազմը հակված է այդ համակարգերը ներառելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնված փաթեթում, որը կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ, հաղորդում է CNN-ը։ Նրա աղբյուրների համաձայն՝ ամերիկյան ղեկավարությունը մի քանի շաբաթ չէր համարձակվում ուղարկել այդ զենքերը Կիև՝ վախենալով, որ ուկրաինացի զինվորականները կարող են դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների համար։