Եթե դիմադրության շարժումը չլիներ, Հայաստանի կորուստներն ակնհայտ կլինեին և որոշ փաստաթղթեր՝ ստորագրված

Այսօր Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով դիմադրության շարժման արդյունավետությանը, վստահեցրեց՝ եթե շարժումը չլիներ, կորուստներն ակնհայտ կլինեին և որոշ ոչ հայանպաստ փաստաթղթեր՝ ստորագրված։ Այս շարժումը առնվազն կարողացել է ձախողել երկիրը հանձնելու ժամանակացույցը։ Բնականաբար դա բավարար չէ, մենք պետք է կանխենք այդ գործընթացը։ Ասաց պատգամավորը՝ հավելելով, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որովհետև պատերազմի միջոցով ձեռք բերած արդյունքները փորձում են ամրագրել փաստաթղթերով՝ դե յուրե, որպեսզի իրենց ձեռք բերած պայմանական հաղթանակը լինի վերջնական։ «Նրանք հասկանում են՝ երբ Հայաստանում կորցնեն Նիկոլին, բոլոր պայմանավորվածություններն առոչինչ են լինելու։ Ուստի Ալիևը, Էրդողանը և Նիկոլը շտապում են և որոշակի շրջանակներ փորձում են աջակցել, որ այս գործընթացները հնարավորինս արագ կյանքի կոչվեն։ Մեր խնդիրն է ոչ թե այն, որ նա փաստաթուղթ ստորագրի, և մենք իրեն հեռացնենք, մեր խնդիրն այս ամենը կասեցնելն է»։