Մարզային տրանսպորտը 100-200 տոկոսվ թանկացրել են, բնակիչները բողոքում են և հրաժարվում աշխատանքի գնալ

Մեր երկրում ամենօրյա թանկացումները սովորական և բնականոն են դարձել, թանկանում է ամեն ինչ՝ սնունդը, հագուստը, վառելիքը, սպասարկման ոլորտը, մասնավոր ընկերությունները բարձրացնում են իրենց ծառայությունների գները՝ ամենևին չմտածելով, որ նույն ընթացքով մարդկանց աշխատավարձերը, թոշակները, նպաստները չեն բարձրանում, և անդադրում թանկացումները ավելի ու ավելի են նեղացնում ՀՀ քաղաքացիների սպառողական զամբյուղի սահմանները, բարձրացնում երկրում աղքատության ցուցանիշը, վատթարացնում ՀՀ բնակչության սոցիալական վիճակը։

Հիշո՞ւմ եք, երբ 2013 թվականին մայրաքաղաքում այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք փորձ արվեց հասարակական սրանսպորտի ուղեվարձը 100 դրամից բարձրացնել 150 դրամի, տևական բողոքի ակցիաների միջոցով հնարավոր եղավ սակագինն անփոփոխ թողնել։ Հիշում եք նաև, թե ինչպիսի վրդովմունքով էին քաղաքացիները դիմադրում այդ որոշմանը՝ բողոքի ու անհնազանդության ակցիաներ իրականացնելով, օրվա իշխանություններին մեղադրելով թալանի և անկշտության մեջ։ Դա այն դեպքում, երբ քաղաքային տրանսպորտը ընդամենը 50 դրամով բարձրացնելու որոշում էր կայացվել։ Այսօր՝ մայրաքաղաքաբնակներիցս աննկատ, գաղտագողի բարձրացրել են մարզային տրանսպորտի սակագները և ոչ թե 50 դրամով, այլ 100-200 տոկոսով՝ առանց այդ բնակիչների սոցիալական վիճակը հաշվի առնելու։ Բայց որևէ տեղ թեկուզ նոր նախաձեռնվող բողոքի ալիք չենք տեսնում, լռում են անգամ այն սորոսավաստակ կազմակերպություններն ու այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանները, այսպես կոչված դերասաններն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնք տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոքի և դիմադրության մեթոդներ էին մտածում։ Աու՜, որտե՞ղ եք, ՀՀ քաղաքացիների իրավունքների ջատագովներ, ազատատենչ առաջամարտիկներ, թե՞ այս իշխանությունների օրոք ռիսկներդ այդքան չի բավարարում բողոքի ալիք բարձրացնելու և մարդկանց շահերը պաշտպանելու համար, կամ գուցե այժմ ստեղծված վիճակը լիովին ձեռնտու է ձեզ, և ձեր պայքարն իբր ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար շինծու էր ու պատրվակ այն ժամանակվա իշխանությունների հանդեպ ատելություն գեներացնելու համար։ Ինչևէ։ Մարզային տրանսպորտի թանկացման դեմ այնուամենայնիվ օջախային պայքար սկսվել է։ Նման ահազանգով LIVEnews.am-ի խմբագրություն է դիմել Աբովյանի բնակչուհի Տաթևիկ Մանուկյանը՝ Կոտայքի մարզի բնակչության անունից՝ ասելով, որ մայիսի երկուսից սկսած ամբողջ մարզի բնակիչները թե մարզի գյուղերից մինչև Աբովյան հասնելու, թե Աբովյանից Երևան հասնելու համար անհամեմատ բարձր ուղեվարձ են վճարում։ Եթե մինչև մայիս ամիսը Աբովյանից Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար քաղաքացիները 200 դրամ ուղեվարձ էին վճարում, ապա այժմ ուղեվարձը 300 դրամ է դարձել։ Նույնքան են վճարում նաև Կոտայքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ՝ Աբովյան հասնելու համար։ Իսկ քանի որ գյուղերից անմիջապես Երևան հասնող տրանսպորտային գիծ չի գործում, եղածի գործունեությունն էլ դադարեցրել են (Ակունք գյուղից մինչև Երևան  հասնող 267 համարն այլևս չի գործում), ապա այդ բնակավայրերի բնակիչները Երևանում աշխատելու, սովորելու համար ստիպված են նախ հասնել Աբովյան քաղաք և հետո այնտեղից առանձին տրանսպորտով հասնել Երևան՝ հերթական 300 դրամը վճարելով։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մարզային բնակավայրերից դեպի Աբովյան ուղեվարձը դարձել է 200-300 դրամ՝ նախկին 100-200 դրամի փոխարեն։ Փաստորեն այդ բնակավայրերից Երևան գալու և հետո վերադառնալու համար մարդիկ օրական 1000-1200 դրամ են ծախսում միայն տրանսպորտի համար։ Ամսական կտրվածքով հինգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում հասարակական տրանսպորտի համար անհրաժեշտ գումարը կազմում է մոտ 20-25 հազար դրամ։ Տաթևիկ Մանուկյանի տեղեկացմամբ՝ շատերը մայրաքաղաք 2500 դրամ օրական աշխատավարձ ստանալու ակնկալիքով էին գալիս, բայց հիմա հրաժարվել են այդ աշխատանքից, քանի որ օրավարձի կեսը պետք  է ծախսեն ճանապարհի համար։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ուղեվարձի թանկացումը, Տաթևիկ Մանուկյանն ասաց, որ դեռ նախորդ տարի մրցույթ է անցկացվել Կոտայքի մարզի տրանսպորտային ցանցը սպասարկող ընկերություն ընտրելու համար, որում հաղթել է «Մուլտի տրասպորտ» ՍՊԸ-ն, և գործունեության առաջին իսկ օրվանից կազմակերպությունը գնային նոր քաղաքականություն է պարտադրել Կոտայքի մարզի բնակիչներին։ Ընդ որում, մեր զրուցակցի հավաստմամբ՝ իրականում որևէ մրցույթ չի անցկացվել, ի սկզբանե միայն «Մուլտի տրանսպորտն» է մասնակցության հայտ ներկայացրել՝ իր պայմաններով, և արդյունքում հանձնաժողովը ընդունել է ընկերության պայմանները, որոնք ամենևին էլ նպաստավոր չեն՝ հաշվի առնելով Կոտայքի մարզի բնակչության ֆինանսական և սոցիալական վիճակը։ Ստեղծված վիճակի համար Տաթևիկ Մանուկյանը պատասխանատու է համարում Կոտայքի մարզպետարանին, որտեղից ոլորտի պատասխանատու Ալեքսան Եղիազարյանը պատճառաբանել է, թե թանկացումը պայմանավորված է վառելիքի և ավտոպահեստամասերի թանկացմամբ և լիովին օբյեկտիվ է։ Իսկ մրցույթը կազմակերպվել և անցկացվել է Գնել Սանոսյանի ղեկավարած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և նրա ձևավորած հանձնաժողովի միջոցով։ Մեր զրուցակիցն ասաց, որ նախարարությունն արտոնություն է տվել այդ ՍՊԸ-ին ամբողջ Կոտայքի տրանսպորտային ցանցը սպասարկելու, սակայն հետևողականորեն չի վերահսկում նրանց աշխատանքը, մինչդեռ ընկերությունը գործում է օրենքի խախտումներով։ Օրինակ՝ հստակեցված չէ չվացուցակը և համապատասխան գնացուցակը նշված չէ։ Իսկ եթե անգամ նշված է, ապա նախկին գնացուցակի վրա նոր թղթեր են փակցնում և վրան նոր ուղեվարձի գին գրում, ինչն անթույլատրելի է։ «Չի՞ նշանակում արդյոք դա, որ ընկերությունը երբ ցանկանա, նոր գին կսահմանի որպես ուղեվարձ՝ մենաշնորհային դիրք ունենալով և մրցակցության խնդրից ապահովված լինելով, մանավանդ վերահսկողություն չկա, իսկ դա ամենաթողության է հանգեցնում»,- ասաց Տաթևիկ Մանուկյանը։ Նա տեղեկացրեց, որ ստորագրահավաք են նախաձեռնել ողջ մարզով, և արդեն իսկ 285 հազար բնակչություն ունեցող Կոտայքի մարզի ավելի քան 10 հազար բնակիչ ստորագրել է բողոք-նամակի տակ, որը ներկայացնելու են և համապատասխան նախարարությանը, և կառավարությանը, և մարզպետարան՝ պահանջելով վերահսկելի և խելամիտ գներ սահմանել մարզային տրանսպորտի համար՝ հաշվի նստլով նաև բնակչության շահերի հետ, վերացնել մենաշնորհը և քաղաքացիների համար այլընտրանքի հնարավորություն ստեղծելով։