Շարժման առաջնորդները պետք է փոխեն պայքարի մարտավարությունն ու անցնեն ավելի կոշտ քայլերի. «Նիկոլ, հեռացիր» կոչերով նա չի հեռանա. Գառնիկ Իսագուլյան․ «Փաստինֆո»

«Ցավոք, մեզ դեռ թվում է, թե գոյություն ունի Հայաստան – Ադրբեջան, Հայաստան – Թուրքիա կամ Հայաստան – Ռուսաստան հարաբերություններ, կապեր կամ հակամարտություններ, սակայն, ըստ էության, մենք չենք կարողանում հասկանալ, որ այդ ամենի մեջ, որպես սուբյեկտ, մենք այլևս գոյություն չունենք։ 2018 թվականից հետո մենք վերածվել ենք օբյեկտի, որի հետ ինչ ցանկանում, այն էլ անում են.- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցի մասին։

Բանախոսը պարզաբանում է՝ երկար ժամանակ մեզ, որպես սուբյեկտիվություն դիտարկող կողմ եղել է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, հիմա, երբ Ռուսաստանը մեծ պատերազմի մեջ է մտել հավաքական Արևմուտքի դեմ, պարզվում է՝ նրա միակ դաշնակիցը Բելառուսն է։ Հայտնի չէ՝ Հայաստանն, ի դմես այս վարչապետի, ի՞նչ դիրք է գրավել այս հարցում։ Հավանաբար, նայիվ տրամաբանությամբ օժտված Նիկոլին թվում է, թե ինքը կարող է խաղեր տալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ընդ որում, այդ խաղում նա իրեն պահում է շատ ստոր կերպով։ Եվ, ահա, եկել է հատուցման և պատասխանատվության ժամը՝ Հայաստանը հերթական անգամ զոհաբերվելու է, որովհետև այդպես ուզում է Թուրքիան, ով Ռուսաստանի դեմ իրականացվող այս ողջ արշավի ընթացքում, իրեն շատ ճիշտ է պահում։ Անհամար քանակով բայրաքթարեր ուղարկելով Ռուսաստանի դեմ կռվող Ուկրաինային, այնուամենայնիվ, նա կարողանում է ճիշտ բալանս պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ փոխարենը, որպես զոհաբերություն, Ռուսաստանից ցանկանում է ստանալ Հայաստանը»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը։

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլին իշխանության բերածների գլխավոր նպատակը հենց սա է եղել՝ հանձնելով Արցախն ու Սյունիքը, կործանել և խաղից հանել Հայաստանը, ինչն էլ այս իշխանությունը, հիանալի կերպով, կյանքի է կոչում. «Այլ կերպ ասած, պատմությունը կրկնվում է՝ ճիշտ նույն կերպ, ինչպես տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ մենք կորցրեցինք մեր ունեցածը։ Եվ, եթե այն ժամանակ դեռ կարող էինք ասել, որ մենք չունեինք պետականություն, չկա ձևավորված պետություն և, ինչ – որ տեղ, այդ ճակատագիրը կանխատեսելի էր, ապա նույնը չենք կարող ասել այսօրվա մասին, որովհետև հիմա մենք ունենք, ավելի քան, 30 տարվա պատմություն ունեցող անկախ պետականություն, սակայն, այդ պետության ղեկին հայտնվել է թուրքական շահը սպասարկող մի խունտա, որն, այս անգամ էլ՝ այս սցենարով է կործանման տանում պետությունը։ Նորից կրկնվեմ՝ համաշխարհային այս մեծ պատերազմում Հայաստանը դիտարկվում է որպես զոհ, որը պետք է մատուցվի Թուրքիային և սա Թուրքիայի պահանջն է Ռուսաստանից»,- ասում է Իսագուլյանը։

Վերջին շրջանում, ըստ բանախոսի, Հայաստանն, արդեն, հստակ ու բացեիբաց խաղում է Արևմուտքի խաղը, սակայն, ցավալին այն է, որ Հայաստանն, ինքը, Արևմուտքին բացարձակ պետք չէ. «Արևմուտքի պատերազմը Ռուսաստանի հետ է։ Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի դեմ որպես խաղաքարտ դուրս է բերվել Հայաստանը։ Երբ արդեն պարզ է, որ Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին, Ռուսաստանի դեմ Արևելքի միակ դերակատարը մնում է թուրանական ծրագիրը, որը ձգվում է Կոստանդինապոլսից, մինչև դեպի Խաղաղ օվկիանոսի ափերը։ Այս ողջ ծրագրում Թուրքիային, սեպի նման, խանգարում է միայն Հայաստանը։ Պարզապես ակնհայտ է, որ ողջ աշխարհին՝ ի դեմս հավաքական Արևմուտքի, պետք է, որպեսզի թուրքական յաթաղանը ձգվի Կոստանդինապոլսից դեպի Խաղաղ օվկիանոսի ափերը և այդ յաթաղանի ճանապարհին միակ սեպը պետք է զոհաբերվի»,- նկատում է Գառնիկ Իսագուլյանը։

Հարցին՝ արդյո՞ք Իրանի Իսլամական Հանրապետությունը կամ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում կհանդուրժեն նման սցենարով զարգացում, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս, ամենատարբեր դատապարտելի տեքստերով ու նախազգուշական հայտարարություններով բարձրաձայնել են, որ սահմանների փոփոխություն կամ կարմիր գծերի հատում թույլ չեն տա, սակայն, խնդիրն այստեղ մեր մեջ է, ավելի ճիշտ՝ հայաստանյան իշխանությունների, որ, ըստ Գառնիկ Իսագուլյանի համոզման, զավթելով պետության ղեկը՝ երկիրը մտցնում են թուքական յաթաղանի տակ ու սրան, կարծես, համարժեք դիմադրություն չկա։

Արդյո՞ք փողոցներում օրեր շարունակ տեղի ունեցող զարգացումները չե՞ն վկայում այն մասին, որ դիմադրություն, իրականում, երկրի ներսում կա, բանախոսը պատասխանում է՝ փողոցային պայքարն, ակնհայտ կերպով, սխալ ուղի է բռնել.«Եթե պայքարի առաջնորդներն, իրենք իրնեց անձով, ցույց չեն տալիս և օրինակ չեն ծառայում, որ պատրաստ են զոհաբերվելու՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու և փրկելու համար, ապա` այստեղ ընդգծված սխալ կա։ Այս իշխանություններին «Նիկոլ հեռացիր» կամ «Նիկոլ, դու պետք է գնաս» կոչերով չես հեռացնի, նրանց պետք է ուղղակիորեն վռնդել։ Այսինքն, հասել է մի պահ, երբ շարժման առաջնորդները պետք է փոխեն պայքարի մարտավարությունն ու անցնեն ավելի կոշտ քայլերի, հակառակ պարագայում՝ այն, ինչ սկսվել է և հասել ինչ – որ կետի, պարզապես, մարելու և կորցնելու է որևէ բան փոխելու բոլոր հեռանկարները։ Նորից եմ կրկնում, պայքարի առաջնորդներն, իրենք իրենց անձով, պետք է ցույց տան, որ հանուն իրենց առաջ դրված նպատակի, իրենք պատրաստ են զոհաբերել իրենց, ինչպես, որ դա ժամանակին արեցին Ղարաբաղյան գոյամարտի հերոս տղերքը, ինչպես դա արեց պատմությունից մեզ քաջ հայտնի Վարդան Մամիկոնյանը և այլք։

Հակառակ պարագայում, այս պայքարը հաղթանակ չի ունենալու»։