Արթուր Թովմասյանը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ

Մայիսի 24-ին Լիբանան կատարած այցի շրջանակներում ԱՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Էլի Թաշճյանը և Հակոբ Լատոյանը, Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և հայ կաթողիկե կղերական դասը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել արցախյան ոչ վաղ անցյալի իրադարձություններին, բռնազավթված տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանությանը, Արցախի հետագա ճակատագրին։

Քննարկվել են աշխարհաքաղաքական բարդ ու հակասական զարգացումները և առավել քան երբևէ կարևորվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ու միակամ գործունեությունը։

Հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակահատվածում երկուստեք շեշտվել է ազգային միասնականության անհրաժեշտությունը։