ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է ՀՀ Սյունիքի մարզ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։

Դեսպանատան մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Կոպիրկինը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին, ովքեր 2020 թվականին զոհվել են Երասխ բնակավայրի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս։

Դեսպանն այցելել է նաև Հայաստանի սահմանի «Տեղ» և «Պարույր Սևակ» սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։

Կապան քաղաքում Կոպիրկինին դիմավորել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու համար, նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրք։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա.Վ. Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։