Ոստիկանությունը խուզարկել է ԱԺ-ի շենքի մոտ էշ տարած քաղաքացու տունը

Ոստիկանությունը խուզարկել է մեկ տարի առաջ ԱԺ-ի շենքի մոտ էշ տարած քաղաքացի Սևադա Ղուկասյանի` Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գտնվող տունը։ Տեղեկությունը հայտնում է Հ.Յ.Դ. Իջևանի Ավետիս Ահարոնյան կոմիտեն։

«Դաշնակցության դեմ հարձակումները շարունակվում են, և այսօր առավոտյան ժամը 06։00-ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Սևադա Ղուկասյանի տանը։ Տանը Սևադայի կինն էր, հայրը, մայրը և անչափահաս որդին»,- ասված է կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Խուզարկության ժամանակ Սևադա Ղուկասյանը տանը չի եղել։ Ոստիկանների գործողությունները նկարահանել ու ամուսնուն է ուղարկել կինը` Վեներա Շաղբաթյանը։ Տեսանյութը հրապարակել է yerkir.am-ը։

«Ահա, խնդրեմ, Սևադա ջան, առավոտը ժամը վեցից եկել են, փորփրում են ամբողջ տունը։ Մաման է իրեն վատ զգացել, երեխին են քնից հանել, սթրեսի է ենթարկվել»,- նկարահանման ժամանակ պատմում է կինը` միաժամանակ նշելով, որ ոստիկաններն անթաքույց ամաչում են իրենց արածից։