Առավոտյան ժամը 8-ին մենք կարողացանք անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյան

«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է»,-ԱԳՆ դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա առաջարկեց  5 րոպեից բացել շուրջ 3 ժամ շրջափակած ԱԳՆ մուտքերը, այնուհետև երթով շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ։
«Երեկոյան կարևոր ծրագիր ունենք»,- ասաց Սաղաթելյանը։

Մենք այսօր առավոտյան ժամը 8–ին կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը։ ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով ցուցարարներին:

«Մենք՝ պատգամավորներով, մտանք ԱԳՆ շենք, առաջին բանը որ պետք է ասեմ՝ հաշված մարդիկ էին այնտեղ, այն շենքը որ միշտ լեփ–լեցուն է, մարդ չկար և դա ձեր շնորհքն է։ Մենք գնացել էինք ձեր պահանջով մեկ հարց բարձրաձայնելու՝ կա՞ն արդյոք պաշտոնյաներ, որոնք կարող են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք տեսանք երկու փոխնախարարի, մեկը փորձում էր ասել, չկարողացավ, վախեցավ, մյուսն ասաց, որովհետև, ժողովուրդ ջան, Հայաստանում, երբ մենք ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան, մենք չեն ասում, որ դա մեծ խումբ է, չենք ասում, որ չկան արժանապատիվ մարդիկ, իրական պետական ծառայողներ, ուղղակի կա մեկ անձ, ով տանում է Հայաստանն ու Արցախը զիջումների։  Թույլ չենք տալու»,–ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել էին ԱԳՆ, շրջափակել էին ԱԳ նախարարության շենքի բոլոր մուտքերը։