Ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ

Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց և նրանց թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք: Մինչ այդ ոստիկանությունն արգելում էր նրանց մուտքը շենք:

Մինչ ներս մտնելը ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «ԱԳՆ-ում վաղուց է խուճապային իրավիճակ, որովհետև Հայաստանի շահերի հետ կապ չունեն: Հիշո՞ւմ եք, որ Արարատին նշանակում էր նախարար, ի՞նչ ասեց: Ասեց՝ ինձ պետք է նախարար, որ կրի քաղաքական պատասխանատվություն: Այսինքն իրեն պետք էր նախարար, որ իր դավաճանությունը հետը հավասար կիսի: Մեր պատգամավորները ցանկանում են բարձրանալ նախարարության շենք, փոխանցել ժողովրդի ուղերձը և ժողովրդի անունից՝ ասել, որ դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունեք»:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակից սկսել են երթ՝ Երևանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ և ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը: