Արթուր Ջանիբեկյանը, Ռուբեն Վարդանյանն ու ևս 83 հոգի հորդորում են ազատ արձակել Չալաբյանին

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ հանուն հայրենիքի ծրագրեր իրականացրած գործընկերները համատեղ հայտարարություն են ստորագրել, որը հրապարակվել է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Նրանք ընդգծել են, որ Չալաբյանի նկատմամբ քննչական մարմինների ներկայացրած մեղադրանքի բովանդակությունը և հանգամանքները, ինչպես նաև կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը կասկածելի և անընդունելի են շատերի համար։ Գործընկերները ստորագրահավաք են կազմակերպել և ՀՀ իշխանություններին հորդորել են վերանայել կայացրած որոշումներն ու անհապաղ ազատ արձակել Չալաբյանին։

«Նրան երկու ամսով ազատազրկելու որոշումը, ըստ էության, նշանակում է, որ ՀՀ դատաիրավական համակարգը Ավետիք Չալաբյանին համարում է արդարադատության իրականացման տեսանկյունից վտանգավոր: Մենք` ներքոստորագրյալներս, անձամբ ճանաչելով Ավետիքին և բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունն ու ներդրումները, մասնագիտական կարողություններն ու գործնական կապերն աշխարհում, համարում ենք, որ նրա նկատմամբ կատարվածը ոչ միայն որոշակի վերաբերմունք է քաղաքական այլակարծությանը, այլև մեծ հարված է հասցնում հայրենադարձությանը, անվտանգությանը և Հայաստանի հեղինակությանը»,- նշված է հայտարարությունում:

Գործընկերներն իրենց հայտարարությամբ երաշխավորում են, որ Ավետիք Չալաբյանը վտանգ չի ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Հայտարարությունն 85 մարդ է ստորագրել, որոնց թվում են «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր. Դավիթ Փախչանյանը, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը։